Այսօր «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ստորագրեցին հուշագիր առաջիկա խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին համատեղ դաշինքով մասնակցելու:
Դաշինքի անդամները նաեւ պատասխանեցին լրագրողների հարցերին:
Իր խոսքում «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Հանրապետությունը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը», ի դեմս «Լուսավոր Հայաստանի», ձեռք են բերել անքննելի, անառարկելի եւ անսակարկելի գործընկերոջ:
Լրագրողների հարցին, որ խոսեցիք՝ անքննելի, անսակարկելի եք, բայց Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 2 ամիս առաջ նվազագույնը 2 անգամ վիճարկել է պարոն Մարուքյանի ընդդիմադիր լինելը, հիմա այլեւս այս հարցը սակարկման ենթակա չի՞՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք այսօր ունեն իրավիճակ, որ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են եւ դրանք հաղթահարելու ավելի երկար ճանապարհ են բռնել. «Մենք ունենք պատմություն, ներառյալ քվեարկությունների պատմությունը, ինքը շատ հարցերի պատասխան տալիս է: Հուշագիրը, որ ընթերցեք, արժանի են քաղաքական փաստաթղթերը ավելի ուշադիր դիտարկել, դրանց կոնտեքստը, կտեսնեք, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօրվա եղածի վրա է հիմնվելու մեր հետագա հարաբերությունները»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, երբ երեք կուսակցությունների ներկայացուցիչները երկարատեւ համագործակցության հնարավորություն են դիտարկում, նշանակում է, դա տվել է մի շարք հարցերի պատասխաններ:
Էդմոն Մարուքյանն էլ պատասխանեց, որ երեք քաղաքական ուժերը տարբեր են, տարբեր ճանապարհներ են անցել. «Սակայն մեր տարբերությունները միանշանակ մեզ հզորացնում են: Ժամանակին եղած քննարկումները, քննադատությունները, այդ ամենը եղել է նաեւ նույն տեսլականն ունեցող մարդկանց միավորման եւ ընդհանուր մոտեցումներ գտնելու ճանապարհը: Մենք քննադատում էինք ոչ թե նրա համար, որ անհաշտ էինք, այլ, որ չէինք միանում: Կար հանրային պահանջ ընդդիմադիր դաշտում ներառական պրոցես սկսելու»:
Մարուքյանն ասաց, որ վստահ է, «ցանկացած տարաձայնություն ավելի ցածր արժեք է, քան թե այն ընդհանուր շահը, որը մեզ միավորում է Հայաստանի Հանրապետության համար:
Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե ընթացքում լինեն այլ քաղաքական ուժեր, կարող են միանալ, բայց՝ կոնսենսուսով: Թե ում հետ են քննարկում, ասաց, որ չի ուզում որոշ կուսակցությունների վարկաբեկել, քաղաքական գործընթացներ են ընթանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































