Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը
ներկայացնում է 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները
ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն աշխատանքներն իրականացրել է հիմնականում երկու ուղղությամբ։ Շարունակվել են թե՛ Հայաստանի հիվանդանոցային համակարգի արդիականացման աշխատանքները, թե՛ 2015թ. սկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրով առողջության առաջնային պահպանման օղակում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունները:
Մարզային հիվանդանոցային
համակարգի արդիականացում
ՀՀ նախագահի տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակում տարեսկզբին շահագործման հանձնվեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը, որը բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ է մատուցում իրենց բնակավայրին մոտ:
Ընթացիկ տարում իրենց դռները բացեցին նաեւ նորակառույց հինգ գյուղական առողջության կենտրոններ` Արարատի մարզի Լանջազատ եւ Մխչյան, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին եւ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում: Այս հաստատությունները նաեւ ապահովվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով:
Կարդացեք նաև
Նշեմ, որ ներկայումս սահմանված ժամկետների գերազանցմամբ ընթանում են Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման եւ Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնց ավարտը ակնկալվում է 2018 թվականին:
Հիվանդությունների վաղ
հայտնաբերում ու կանխարգելում
Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունները, որոնց իրականացումը բխում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման նպատակներով սահմանված թիրախներից:
Հետազոտություններն անցկացվում են առողջության առաջնային պահպանման օղակի բուժհաստատություններում՝ պոլիկլինիկաներում եւ գյուղական ամբուլատորիաներում, որտեղ 35-68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի, իսկ 30-60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշման եւ կանխարգելման նպատակով: Բոլորին քաջ հայտնի է, որ մահացության կառուցվածքում 80 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններն են, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները եւ շաքարային դիաբետը։
Մինչ օրս իրականացվել է 875 հազար հետազոտություն, այդ թվում՝ կանանց մոտ շուրջ 108 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 317 հազար քաղաքացիների մոտ իրականացվել է արյան մեջ քաղցրի՝ գլյուկոզի հետազոտություն եւ 450 հազար քաղաքացի անցել են զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ:
Ուշագրավ է, որ սկրինինգներն իրականացվում են աշխատունակ տարիքում գտնվող մարդկանց շրջանում` նպաստելով ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ կանխարգելմանը, որն իր հերթին երկարաժամկետ կտրվածքով բերում է ինչպես ազգաբնակչության կյանքի որակի եւ առողջապահական ցուցանիշների բարելավման, այնպես էլ, գլոբալ առումով, երկրի տնտեսական աճի:
Բնակչության
իրազեկվածության ապահովում
Իրազեկման լայնածավալ աշխատանքները տարվել են ծրագրի նախապատրաստական փուլից սկսած: Առաջնորդվելով այդ նպատակով մշակված հանրային իրազեկման ռազմավարությամբ` տարբեր միջոցներով հանրությունը շարունակաբար իրազեկվում է։ Դա ոչ միայն ապահովում է բնակչության ընդգրկվածությունը սկրինինգային հետազոտություններում, այլեւ բարձրացնում նրանց իրազեկվածությունն առողջ ապրելակերպի եւ նշված հիվանդությունների զարգացման ռիսկային գործոնների վերաբերյալ: Մենք փորձում ենք օգտագործել հանրությանը հասանելի բոլոր հարթակները: Նկարահանվել եւ տարբեր հեռուստաալիքներով հեռարձակվել են սոցիալական գովազդներ, տպագրվել եւ բնակչությանն են բաշխվել տեղեկատվական նյութեր, օգտագործվել է արտաքին գովազդը, տպագիր եւ էլեկտրոնային լրատվական միջոցները, բոլոր մարզերում կազմակերպվել են ֆլեշմոբեր եւ այլն:
Տարածաշրջանային նշանակության Արյունաբանական կենտրոն
Հպարտությամբ կուզենայի անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» արդիականացմանը։ Վերջերս վերաբացված կենտրոնը հագեցվել է ամենավերջին սերնդի բժշկական սարքավորումներով, որոնց մի մասը եզակի են հանրապետությունում։ Եվ վերջապես՝ այստեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն եւ ցողունային բջիջների լաբորատորիա:
Արյունաբանական կենտրոնը Հայաստանում ոլորտի միակ առաջատար բժշկական հաստատությունն է, որը զբաղվում է արյան հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ՝ տարեկան հարյուրավոր քաղաքացիների ցուցաբերելով բարձրորակ բժշկական օգնություն:
Ստեղծված հնարավորությունները կնպաստեն արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացմանը: Տարածաշրջանում առաջին անգամ կիրականացվեն ոսկրածուծի փոխպատվաստումներ, բարձր դեղաչափային քիմիաթերապիա եւ միջազգային չափորոշիչներով այլ միջամտություններ:
Միաժամանակ ծրագրի շրջանակում կենտրոնի մեծահասակների եւ մանկական բաժանմունքների 6 մասնագետ վերապատրաստվել է Համբուրգի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում: Բազմաթիվ այլ մասնագետներ էլ աշխարհի առաջատար կլինիկաներում վերապատրաստումներ են անցել այլ ծրագրերով։
Հաշվի առնելով հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղների բուժման բացառիկ նշանակությունը` ծրագիրն իրականացվել է «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի եւ անձամբ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Առողջապահական ԾԻԳ-ի թիմը պարտավորվածություն է զգում գալիք տարում շարունակելու իր առջեւ դրված գերակա խնդիրների ապահովումը: Մարզային բժշկական կենտրոնների արդիականացման եւ սկրինինգային հետազոտությունների շարունակմանը զուգընթաց՝ կիրականացվեն նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի անհրաժեշտ սարքավորումներով հագեցման եւ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման բաժանմունքի կառուցման աշխատանքները։ Անմասն չենք մնա նաեւ ոլորտում մեկնարկած բուժման չափորոշիչների ու գործելակարգերի մշակման գործում:
























































