Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտենսիվ, նորարարական այգիներ հիմնելու ծրագիրը փակվել է

Դեկտեմբեր 13,2016 21:03

«Հայկական միրգ» ԲԲԸ-ի միջոցով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում տնկվել են 23 հեկտար պտղատու այգիներ: Տնկվել են սալորի, ընկուզենու, կեռասի, դեղձի, նեկտարինի տարբեր սորտերի տնկիներ: «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի ներկայացուցիչ, Պտղավան գյուղից փորձառու այգեգործ Սպարտակ Զաքարյանը հայտնեց, որ ընկերությունը Տավուշի մարզում աշխատում էր 3 տարի, այգեգործների հետ 12 տարի ժամկետով պայմանագրեր էին կնքվել:

Պետք է ստեղծվեր տնկարանային տնտեսություն, կաթիլային ոռոգման համակարգ, պտղատու այգիները պետք է պաշտպանվեին հակակարկտային ցանցերով: Ս. Զաքարյանն ասաց, որ հիմնված այգիները շատ եկամտաբեր են, դիմացկուն, դրանք հեկտարից մինչեւ 40 տոննա բերք կարող են ապահովել: Այդ այգիների բերքը մրցունակ է ռուսական շուկայում: Նրա խոսքերով՝ խորհրդային տարիներին պտղատու այգիները բերք էին տալիս այգին տնկելուց 6-8 տարի հետո, իսկ «Հայկական միրգ» ընկերության աջակցությամբ հիմնված այգիները տնկումից 2-3 տարի հետո հեկտարից 15 տոննա պտուղ են ապահովում: Ընկերության կողմից հիմնված այգիները ինտենսիվ են, ծառերը միմյանցից մոտ են գտնվում: Դրանց խնամքը յուրահատուկ է, այգիների էտը խիստ տարբերվում է այգիների ավանդական էտումից:

Ս. Զաքարյանն ասաց, որ մտադիր են այգիների սեփականատերերով կոոպերատիվ կամ այլ կազմակերպություն ստեղծել, որպեսզի կարողանան իրականացնել ինտենսիվ այգիների մշակությունը: Նրան հարցրինք, թե ո՞րն է եղել «Հայկական միրգ» ընկերության լուծարվելու պատճառը: Ասաց, որ չգիտի դրա պատճառը,հայտնեց, որ Վերահսկիչ պալատը իրենց մոտ մեկ ամիս ստուգումներ է արել, համոզվել, որ տնկիների կպչողականությունը 99 տոկոս է, այգիները լավ խնամված են, ստուգումների ավարտին լավ աշխատանքի համար իրեն շնորհակալություն են հայտնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031