Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե գլոբուս». կինոքննադատների տրամադրություններն «Օսկարի» նախաշեմին

Հունվար 09,2017 13:05

Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 74-րդ արարողությանը «Լա լա լենդ» մյուզիքլը դարձել է բազմակի հաղթող՝ մրցանակ ստանալով ներկայացված բոլոր 7 անվանակարգերում: Մրցանակը շնորհվում է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի կողմից, արարողության ուղիղ հեռարձակումն իրականացրել է NBC հեռուստաալիքը:

Այսպես, ամերիկյան դասական «Լա լա լենդ» մյուզիքլը արդարացրել է բոլոր սպասելիքները և լավագույնն է ճանաչվել ոչ միայն կոմեդիա/մյուզիքլ անվանակարգում, այլև մրցանակ է ստացել երաժշտության (Ջասթին Գուրվիչ), լավագույն երգի (City of Stars), ռեժիսուրայի և սցենարի (Դեմիեն Շազել) համար: Իսկ Էմմա Սթոուն և Ռայան Գոսլինգ դերասանական դուետը լավագույնն է ճանաչվել կոմեդիա/մյուզիքլ ժանրում կնոջ և տղամարդու դերակատարման համար:

Դրամա անվանակարգում ֆավորիտներ համարվող Նատալի Պորտմանը և Դենզել Վաշինգթոնը լավագույնը չեն ճանաչվել իրենց անվանակարգերում: Ակնկալվում էր, որ Պորտմանը կարող էր «Ոսկե գլոբուս» ստանալ «Ջեքի» ֆիլմում Ժակլին Քենեդիին մարմնավորած դերի համար, սակայն մրցանակը բոլորի համար անսպասելիորեն ստացել է ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը «Նա» ֆիլմի համար: Բևերլի Հիլթոնի բեմից Յուփերի տաղանդի մասին բարձրաձայնել է ֆիլմի ռեժիսոր Փոլ Վերխովենը, որն իր հերթին արձանիկ է ստանում «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել Քեյսի Աֆլեքը «Մանչեսթեր ծովի ափին» ֆիլմի համար: Ֆիլմը ներկայացված է եղել 5 անվանակարգում (այդ թվում՝ լավագույն դրամա), և դա եղել է նրա միակ մրցանակը:

Այնուամենայնիվ, «լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույս» ֆիլմը, որը նույնպես ներկայացված էր 5 անվանակարգում: Մրցանակը ստանալիս ֆիլմի անձնակազմը խոստովանել է, որ իրենք նման հաջողության չէին սպասում և կոչ է արել հանդիսատեսին ֆիլմի մասին պատմել իրենց ընկերներին:

Երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Վիոլա Դևիսը («Ցանկապատ») և Աարոն Թեյլոր-Ջոնսոնը («Գիշերվա ծածկույթի տակ» (Nocturnal Animals)): Մրցանակը ստանալիս 51-ամյա Վիոլա Դևիսը ակնարկել է, որ դրան վաղուց էր սպասում:

Լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգում մրցանակ է ստացել «Թագ» հեռուստասերիալը, որի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին: Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին պատմող ֆիլմը լավագույն կնոջ դերի համար մրցանակ է բերել նաև բրիտանացի դերասանուհի Քլեր Ֆոյին, որը մարմնավորում է երիտասարդ Էլիզաբեթ 2-րդ թագուհուն: Սերիալում լավագույն տղամարդու դերի համար գնահատվել է Բիլլի Բոբ Թորնթոնը «Գոլիաթ» սերիալի համար:

Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս» (Zootopia) ֆիլմը, լավագույն երգիծական սերիալ է ճանաչվել «Ատլանտան»:

Դերասանուհի Մերիլ Սթրիփը մրցանակ է ստացել կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար: Իր ելույթում դերասանուհին, առանց անուն նշելու քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր արտահայտությունների և հայացքների համար:

«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է 25 անվանակարգերում: «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ այն արտահայտում է կինոյի ոլորտում քննադատների տրամադրությունները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031