Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեզ հայ ենք կոչում, օտարները՝ արմեն»

Փետրվար 01,2017 14:00

Վահե Լոռենցի նոր գիրքը

Լույս է տեսել պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի «Հայոց տաճարը. Ազգային տոնածիսական համակարգ» գիրքը:

«Մենք մեզ հայ ենք կոչում, օտարները՝ արմեն՝ արի մարդ, արարված մարդ:
Հայոց հնագույն հավատալիքների համաձայն, Արարիչն արարեց Աստվածներին Արարատում: Ըստ այդմ, Արարատն աստվածային ու մարդկային բնօրրանն է: Արարատ ասելով, տվյալ դեպքում, Հայոց սրբազան լեռնաշխարհը նկատի ունենք: Մասիսն Արարատ չէ: Մասիս սարին Արարատ անվանակոչեցին Բիբլիայի՝ քրիստոնյաների Սուրբ գրքի տարընթերցման արդյունքում: Նոյի պատումի մասին այնտեղ գրված է, որ Տապանը կանգ առավ Արարատի լեռներում: Պարզ է եւ ընթեռնելի, դարձյալ Արարատը՝ որպես Հայաստան, իսկ նավը՝ նրա լեռներում, այլ ոչ բարձրագույն կետում: Հետեւաբար, Մասիսի վրա Նոյյան տապան որոնելն անհիմն զբաղմունք է, իսկ այսօր Մասիսին Արարատ կոչելով՝ մենք արհեստականորեն փոքրացնում ենք հայոց հավիտենական հայրենիքի սահմանները:
Այդ առումով՝ քրիստոնեությունն էլ իր գաղափարաբանությամբ չի հակասում մեր նախնյաց հավատալիքներին՝ Արարատը համարվում է աստվածների եւ մարդկանց բնօրրանը: Ահավասիկ, Էդեմը՝ երկրային դրախտը, Բիբլիան դնում է հենց Արարատ երկրում, որտեղից սկիզբ են առնում Արեւելքի չորս մեծ գետերը՝ Արաքսը, Քուռը, Եփրատը, Տիգրիսը:
Նույն Բիբլիայի համաձայն, համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյը մարդկության երկրորդ վերածնունդը դարձյալ սկսեց Արարատ երկրից:

Եվ այսպես, Արարիչը (ի դեպ, բառը միայն հայերեն է հնչում որպես Արարիչ, օտար լեզուներով համարժեք եւ լիարժեք թարգմանություն չկա) Աստվածներին բնակավայր տալիս է Մասիսը, իր համար բնակավայր ընտրում Արագածը՝ Արայի (Արարչի) գահը, քանզի Արագածն աշխարհի բարձրագույն կետն է: Զարմացա՞ք, չէ՞ որ Արագածը քառագագաթ պայթած հրաբուխ է: Հապա փորձենք երեւակայական վեկտոր անցկացնել այդ չորս գագաթներով եւ չափել հատման կետի բարձրությունը: Այն գրեթե կիսով չափ կգերազանցի Էվերեստին:

Ամեն ազգ նման է այն երկնային զորություններին, որոնց դավանում է: Հայը նման է իր պաշտած աստվածներին՝ զորեղ է հանց ռազմաստված Վահագնը, Անահիտ աստվածամոր նման հոգատար ու խնամակալ է, Միհրի պես՝ արդարադատ, Աստղիկի պես՝ սիրառատ, դպրության աստված Տիրի նման՝ խելացի, ընտանեկան օջախի պահապան դիցուհու՝ Նանեի պես նվիրված է իր օջախին, Վանատուրի պես հյուրընկալ է, Ծովինարի պես՝ փոթորկուն…

Ի դեպ, միայն հայերս դիցարանում ունենք դպրության, գիտության, հյուրընկալության եւ ընտանեկան օջախի պահապան զորություններ:
Եվ Մայր Անահիտն Արարչի կամքով երկնեց առաջին մարդուն՝ Արիին: Արիից սերեցին արմեններն ու մյուս արի ազգերը:

Այն, որ Արարատ երկիրն է արարչագործության կենտրոնը, վկայում են հինավուրց շատ աղբյուրներ եւս: Մասնավորապես, աշխարհի հնագույն Գիլգամեշի մասին էպոսը»,- գրում է հեղինակը, որն ունի հանրապետական եւ միջազգային մամուլում հրատարակված 450 հոդված եւ 10-ից ավելի գիրք:

Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միության անդամ, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը գնահատելով Վահե Լոռենցի աշխատանքը, գրել է, որ նա անցյալի ու ներկայի ազգային արժեքներին նայում է իբրեւ սթափ պատմաբան, եւ այդ արժեքներն իր հոգում կրող նվիրյալ հայ. «Ում համար թոնիրը Արեւն է երկրի վրա, ում համար սրբատեղի է սոսյաց անտառը եւ ինքը կենաց ծառերին նվերներ ու զոհաբերություններ է մատուցում իր կենսական էներգիայից…Իր համար հայոց Ծիրանենին պատմական հիշողություն է, որի ծիրում ինքը Հին Աստվածների բագինների առջեւ երգում է Անահիտի, Աստղիկի, Նանեի, Միհրի, Վահագնի, Տիրի եւ մյուսների նախաէպոսային իրական առասպել-հիմները՝ իբրեւ ուժի եւ գեղեցիկի փառաբանություն:

Վահե Լոռենցը ժամանակի հեռվից Աշխարհաժողովի է նստում Բագրեւանդում եւ մեզ հիշեցնում, որ հնագույն քաղաքակրթության Հայր ժողովուրդն իր առաքելությունը չի մոռացել, թեեւ աշխարհը դա մոռանալու անհագուրդ ցանկություն ունի…»:

 

Սեփ. լր.

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728