Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ պատգամավոր չլինելը չի նշանակում կյանքի վերջ». Թևան Պողոսյան

Փետրվար 07,2017 14:03

«ԱԺ պատգամավոր չլինելը չի նշանակում կյանքի վերջ, մի անգամ պատգամավոր ես, մի անգամ՝ ոչ: Կցավեմ այն անձի համար, որը մտածում է, եթե պատգամավոր չես, չես կարող օգտակար լինել Հայաստանին»,-Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Հստակեցնելով իր այն հայտարարությունը, որ եթե ցուցակում ընդգրկվելու առաջարկ լինի, միանգամից կմերժի՝ պարոն Պողոսյանը նշեց. «Դա ՀՀԿ-ին էր միայն վերաբերում, որ հայտարարել էի, թե ինչ առաջարկ էլ լինի` մերժելու եմ: Եթե այս տեսակի ինքնամաքրում արվի, հիսուն-վաթսուն տարի հետո գուցե ընդունեմ այդ առաջարկը: Մնացածը կապված է մի քանի հարցերի հետ: Ես ինքս գնահատման իմ համակարգն ունեմ. դա լինելու է տեսլականը, գործողությունների ծրագիրը, որը պիտի լինի հասանելի ու ընթեռնելի, այլ ոչ թե սիրուն կարգախոսի վրա հիմնված: Երրորդ գլխավոր բաղադրիչը լինելու է թիմը` ոչ միայն այն, թե ովքեր կլինեն ԱԺ-ում, այլև այն թիմը, որը կլինի գործադիրում»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ այս պահի դրությամբ ծրագրային առումով` բացի իշխող կուսակցությունից, ավելի պատկերավոր ընկալում որևէ մեկը չունի:

Թևան Պողոսյանը նշեց, որ առայժմ անձերի համախմբումներ է տեսնում, հույս ունի, որ դրանք ի վերջո ծրագրերի այլընտրանքային մոդելների ներկայացման կվերածվեն, որտեղ ուժերն իրենց գործողությունները կներկայացնեն, թե հինգ տարվա ընթացքում ինչ ծրագրեր են իրականացնելու:

Պարոն Պողոսյանը մտահոգություն ունի, որ այս ընտրությունները լինելու են անհատների ընտրություն: Ըստ պատգամավորի՝ նոր ընդունված Ընտրական օրենսգիրքն առայժմ շատ դրական բաների մասին թույլ չի տալիս խոսել:

«Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող խմորումների մասին նա գերադասեց  չխոսել: Մաղթելով իր գործընկերներին հաջողություններ՝ Թևան Պողոսյանը վստահեցրեց, որ այդ կառույցում շատ դրական բաներ կան, օրինակ՝ այն ազատությունը, որ անձը կարող է իր սկզբունքները մինչև վերջ պահել:

Ամփոփելով` պարոն Պողոսյանը նշեց, թե կցանկանար տեսնել երիտասարդացած խորհրդարան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728