«Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են ադրբեջանական ռազմական հանցագործությունները միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելուց, դա Ադրբեջանին ոչ մի կերպ չի հանգստացնում, այլ ավելի ագրեսիվ է դարձնում»,- այսօր «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP17-ի համատեքստում» քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները չեն խոսում ռազմական հանցագործությունների մասին՝ համարելով, որ այդ կերպ խաղաղություն են խնամում, սակայն խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում։
«Երբ դիմացինն ակնհայտորեն շարունակում է հայատյաց, թշնամական տրամադրվածությունը, շարունակում է ՀՀ-ի չգործած բոլոր հանցանքները դարձնել քննարկման առարկա, բնական է, որ ՀՀ-ն իր ազգային շահերից հետքայլ է անում։ Ադրբեջանը դրա հաշվին շարունակում է կուտակել և օգտագործել այդ ամենը ՀՀ պետականության դեմ»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով արցախցիների իրավունքների խախտումներին և դրանց բարձրաձայնմանը՝ Աբրահամյանը նկատեց.
«Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները բուն Հայաստանի առաջնահերթություններն առաջին պլան են բերում և ստվերում արցախցիներին։ Շատ լավ գիտենք, որ այսօրվա ՀՀ իշխանությունների խոսույթն ու քաղաքականությունը բխում են թուրք-ադրբեջանական պահանջատիրությունից։ Բնականաբար, այստեղ գլխավոր հարցը կախված է ազգային օրակարգի գոյության խնդրից»։
Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը միայն այն չէ, որ իշխանություններն ամեն կերպ մերժում են հայկական օրակարգը, այլև այն, որ հավաքական իմաստով չի ձևավորվում ընդհանուր օրակարգ, որը հնարավորություն կտա թիրախային աշխատելու։
«Տեսնում ենք ընդդիմադիր խոսք, տեսնում ենք հասարակական ակտիվություն, բայց դրանք մեկ ընդհանուր օրակարգում տեղավորված չեն»,- նշեց նա։
Անդրադառնալով կրկին Արցախի թեմային՝ Աբրահամյանը հիշեցրեց, թե Արցախի շրջափակման ժամանակ ինչպես էին տարբեր միջազգային կազմակերպություններ բավականին կոշտ արձագանքում, ապա նկատեց, որ այժմ այդ արձագանքները նվազագույնի են հասցվել։
«Սրա պատասխանը շատ պարզ է։ Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանություններն աշխատում են միջազգային տարբեր կառույցների հետ և ուղիղ ասում են, որ ձեր ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է արցախահայերի իրավունքներից մինչև ՀՀ-ում բարձրաձայնվող բազմաթիվ այլ հարցեր, որոնք իշխանությունների օրակարգում չեն, հակասում է խաղաղության օրակարգին։
Անհատական զրույցներում շատ դիվանագետներ այս մասին բավականին պարզ են խոսում։ Եթե հայկական պետությունն ասում է, որ դուք ձեր գործողություններով խոչընդոտներ եք հարուցում խաղաղության գործընթացի համար, բնականաբար, շատ երկրներ կաշկանդվածություն են ունենում տարբեր հարցեր բարձրաձայնելու հարցում»,- ասաց Աբրահամյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































