Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը

Փետրվար 23,2017 16:43

Ազգային ինքնորոշման զարթոնքի եւ Արցախի անկախացման փետրվարյան շարժմանն ընդառաջ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են յոթ նկարչի եւ երկու քանդակագործի՝ հիսունից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների եւ Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը, Երիտասարդական խորհրդարանի անդամներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Արցախի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին եւ հյուրերին ներկայացրել է արցախցի երիտասարդ արվեստագետների՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի ստեղծագործությունները եւ հույս հայտնել, որ այս ցուցահանդեսը խորհրդարանում մեկնարկային կդառնա արցախցի արվեստագետների համար: Լուսինե Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, պատգամավոր Կարինե Աճեմյանին եւ հանձնաժողովի փորձագետ, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինե Հակոբյանին ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու համար:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով երիտասարդ արվեստագետներին, կարեւորել է այն փաստը, որ այսօր Արցախում ապրում ու ստեղծագործում է անկախության սերունդը, որով հպարտանում է ամբողջ հայ ժողովուրդը: ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի հաղթանակը որեւէ բնագավառում հայության հաղթանակն է ու ձեռքբերումը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ այս նկարիչների մանկությունը համընկել է պատերազմական տարիների հետ, սակայն անկախության տարիներին հասակ առած երիտասարդների կտավներից անսպառ լույս ու ազատություն է ճառագում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների եւ Լուսինե Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում՝ դիտելով Արցախի արեւն ու գույներն իրենց մեջ ամփոփած կտավները:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728