Ազգային ժողովի նիստում Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթին։
«Այս 4 շաբաթների ընթացքում մեկ ելույթի եմ սպասել այս ամբիոնից՝ ես սպասել եմ Սասուն Միքայելյանի ելույթին։ Ես սպասել եմ, որ ինքը գա եւ այս ամբիոնից պատմի, նկարագրի, թե ինքն ինչ է զգացել, երբ Նիկոլ Փաշինյանը՝ ձեր թիմի առաջնորդը հայտարարել է, թե Ղարաբաղյան շարժումը բեռ է, թակարդ է, թոկ է, թե Հայաստանի ապագան զրոյացնելու նախագիծ է։ Ես անկեղծ եմ ասում՝ ցանկացել եմ լսել առաջին պատերազմի մասնակից, ԵԿՄ նախագահ «կամանդիրին»։ Եվ Սասուն Միքայելյանի առաջին ելույթն ինչի՞ մասին էր՝ Հոկտեմբերի 27-ի, Հոկտեմբերի 27-ի ողբերգության հերթական անգամ շահարկման»,- ասաց Ագնեսա Խամոյանը։
Ագնեսա Խամոյանը դիմեց նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին․ «Պարոն Քոչարյան, Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞։ Ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը քաղաքական կապիտալի վերածեցիք, օգտագործեցիք, բայց երբ ձեր ընկերոջ մարմինը դեռ չէր սառել այս դահլիճում, դուք իր դիակի վրա առեւտուր էիք անում՝ հեղաշրջում էիք ուզում անել։ Ու հետո ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունն օգտագործեցիք, բայց հետո ի՞նչ արեցիք դուք՝ Վազգեն Սարգսյանի անունն օգտագործելով՝ դուք իր կյանքի ամբողջ նպատակը տանուլ տվեցիք, վարի տվեցիք, պարոն Քոչարյան, պարոն Միքայելյան։ Վազգեն Սարգսյանի կյանքի ամբողջ նպատակն Արցախյան շարժումն էր, որը ձեր այսօրվա առաջնորդը բեռ ու թակարդ է անվանում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ես անկեղծ ուզում եմ հասկանալ՝ Սասուն Միքայելյանն ի՞նչ է զգում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ փորձում է հիմնավորել, որ մեր նահատակներն անցյալի բեռ են խաղաղության դեմ։ Ինքն ի վերջո «կամանդի՞րն» է, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը։ Բայց այդ հարցերի պատասխանները չկան»,- հավելեց Խամոյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































