Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթը։
Առաջին ընթերցման քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկություններ էր հնչեցրել գյուղատնտեսության եւ սփյուռքի նախարարությունների վերաբացման վերաբերյալ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկումն այդ առաջարկությունները գրավոր ուղարկվել են նաեւ նախարարություն։
«Խոսքը վերաբերում է գյուղատնտեսության եւ սփուռքի նախարարությունների ձեւավորման առաջարկներին։ Անդրադառնալով առաջինին՝ պետք է նկատել, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության իրականացումը վերապահված է էկոնոմիկայի նախարարությանը։ Կառավարությունը նպատակահարմար չի գտնում առանձին նախարարության վերաստեղծումը, հատկապես, որ նախկինում նման նախարարություն գոյություն է ունեցել, եւ դրա լուծարման շուրջ որոշումը վաղուց է կայացվել։ Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարությանը, ապա Հայաստանում գործում է սփյուռքի հանձնակատարի ինստիտուտը, որը բարձր մակարդակով ապահովում է սփյուռքի հետ կապերը»,- ասաց Սրբուհի Գալյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց, որ հետագա ամիսների ընթացքում եւս մեկ անգամ այդ առաջարկով հանդես կգան։
Կարդացեք նաև
«Դա անխուսափելի է, քանի որ գյուղատնտեսությունն անկում է ապրում մեր երկրում։ Այս տարի մենք ունենք 10-ից ավելի տոկոս անկում, չկա մեխանիզմ, որով կարող ենք թիմ ձեւավորել, նեղ մասնագիտական պետական կառույց ձեւավորել, որ կարողանանք վերականգնել մեր գյուղատնտեսական պոտենցիալը։ Այդ պատճառով այս առաջարկությունն անպայման անելու ենք եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում վերջապես վերաբացվի Գյուղատնտեսության նախարարությունը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանն անդրադարձավ Սփյուռքի նախարարության կարեւորությանը։ «Թույլ Սփյուռքը ձեռք է տալիս Թուրքիային, Ադրբեջանին եւ զարմանալի չէ՝ Հայաստանի այսօրվա իշխանությանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց միայն ՔՊ խմբակցության 64 պատգամավոր։
ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանն ավարտեց աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































