Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի՞ անպետք հողեր. 64 հարց՝ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին (Տեսանյութ)

Մարտ 03,2017 20:20

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից մշակվել ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին են ուղարկվել 64 հարցեր՝ մարդու իրավունքներին, կոռուպցիային, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող, որպեսզի պարզեն վեջիններիս դիքորոշումը։ Հարցերը հետևյալն են՝ ունի՞ արդյոք Հայաստանը քաղաքական բանտարկյալներ, արդյոք կո՞ղմ եք, որ կրճատվեն ոստիկանական զորքերը, կո՞ղմ եք, որ վերաբացվի և նոր քննություն անցկացվի Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով, արդյոք պետական կառավարման ապարատը և ծառայողական մեքենաները կրճատելու կարիք կա՞, արդյոք նույնասեռականները պե՞տք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները և այսպես շարունակ։

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հանրային քննարկում անցկացրեց Գյումրիում, որին մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած մի քանի քաղաքական ուժերի թեկնածուներ։

Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս նախաձեռնության անհրաժեշտությունը բացատրեց հետևյալ կերպ․«Այս նախաձեռնությունը նպատակ ունի ինչ-որ իմաստով, եթե դա ստացվի թեկուզ ինչ-որ մի տոկոսի չափով քվեարկությունը դարձնել ընտրություն։ Մենք անունը դրել ենք ընտրություն, բայց այդ վտանգը կա, որ դա կարող է լինել ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն։ Ի՞նչ տարբերություն դրանց միջև, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ երկու շաբաթ առաջ նախկին Խորհրդային հանրապետություններից մեկում՝ Թուրքմենիայում տեղի ունեցավ նույնպես, այսպես ասած, ընտրություն և որևէ կեղծիք չեղավ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե ընտրությանը, այլ քվեարկությանը։ Ընտրությունը մարդու ազատություն է, որի վերջին փուլը քվեարկությունն է։ Եվ ընդհանրապես՝ ընտրություն կատարում են քաղաքացիները, իսկ միայն քվեարկություն կատարում են հպատակները։ Արդյոք մենք չպիտի՞ փորձենք այդ վիճակից դուրս գալ, որովհետև Հայաստանում 90-ական թվականներից ընտրությունները տարբեր մակարդակի կեղծելով՝փորձում են մեզ դարձնել ուղղակի քվեարկող, ոչ թե ընտրող։ Եվ մենք փորձեցինք այս հարցաշարով ինչ-որ իմաստով ակտիվացնել քաղաքական քննարկումները և նաև կուսակցություններին փորձել մտցնել քննարկումների, բանավեճերի»։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ իր խոսքում քննադատեց իշխող կուսակցությունը, որն ամեն մի ոլորտ ձախողելով՝ դեռ մտածում է իր կիսատ թողած գործը շարունակելու մասին։ Իսկ քաղաքակիրթ աշխարհում, ըստ բանախոսի, նման ձախողում ունեցող ուժերը սուսուփուս հավաքվում, գնում են տուն։ «Աշոտյանն էն օրը ֆեյսբուքում գրում է՝ մենք լավ չենք կառավարել, բայց մյուսները մեզանից վատ էին կառավարելու։ Ի՞նչ գիտես, ընկեր, մյուսները շա՞նս են ունեցել ազատ, արդար ընտրություններով դառնալ իշխանություն, որ էսօր համեմատեր էս տաս տարին էն տաս տարվա հետ։

Հիմա Հայաստանում 9 տարում, ինչ Սերժ Սարգսյանն է եղել իշխանության գլուխ, աղքատությունն աճել է 4 տոկոսով, արտագաղթը կազմել է բնակչության 12 տոկոսը, գործազրկությունն աճել է 1,6 տոկոսով, սա պետության թվերն են, մեր թվերը չեն, արտաքին պարտքը՝ 3-3,5 անգամ աճել է, կորցրել ենք հողեր՝ անպետք, անպիտան, ամայի, չմաշկվող, մարդկային կյանքերին չեմ ուզում անդրադառնալ, նույնիսկ քննադատության համատեքստում, թե ինչ ենք կորցրել, Աստված գիտի։ Էս մարդիկ ինչ-որ հաջողություններ են ապահովել, շատ քիչ էլի՝ միլիմետրական, հիմա ասում են՝ ուզում ենք մեր կիսատ թողածը շարունակել։ Այ ախպեր ջան, էս նկարագրած շարքով որ շարունակվի, մենք մյուս տարի ոչ թե 53 հազար արտագաղթ ենք ունենալ, այս ասենք 60 հազար ենք ունենալու, աղքատությունը էլի մի տոկոս աճելու է, անօթևանների թիվն է աճելու, որովհետև էդ ընտանիքները, ի վերջո, աճելու են, բազմանալու են․ թիվն աճում է, դու իրենց չես ապահովում»։

Ըստ Լևոն Բարսեղյանի, անցել են այն ժամանակները, երբ հարկավոր էր նստել ու ծրագրերը կարդալ, որովհետև ոչ մեկը իր ծրագրում գրած չի լինի, թե մյուս տարի հանձնելու է 900 հեկտար հող, ապահովելու է բնակչության 70 հազար արտագաղթ։ «Աշխարհի ոչ մի երկրում, քաղաքական պայքարի մեջ նման բաներ չեն գրում, ինչ է մնում մեզ անել, ամեն անգամ ապավինել, թե ո՞րն է լավ, գունավոր ծրագրեր գրել։ Ինչքան ասես կան, դրա համար մենք հանգեցինք մի եզրակացության, որ անհրաժեշտ է մի քննություն, ստուգարք անցկացնել, որ ներկայացավ հարցաթերթի միջոցով՝ 64 հարց՝ փակ հարցեր, պարզ հարցեր, որոնց պատասխանելու համար հարկավոր էր ընդամենը 20 րոպե՝ ցանկացած թեկնածուի, քաղաքական գործչի, հասարակական գործչի։ Ուղարկվեց այս հարցաշարը բոլոր կուսակցություններին, որոնք ներգրավված են ակտիվ քաղաքական պայքարի մեջ՝ ակնկալելով, որ այսօր երեկոյան մենք պատասխաններ կստանանք։ Էսօր ունենք երկու կուսակցություններից պատասխան։ Զարմանալի պատասխան կա, ուղիղ հարցրել ենք, թե Գևորգ Սաֆարյանը, ձեր կարծիքով, քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։ Կուսակցությունը պատասխանել է, որ չափանիշները կուսակցությունները չեն որոշում։ Մարդուն ուղիղ հարց ես տվել, այստեղ բոլորդ այդ հարցին կարող եք պատասխանել՝ այո կամ ոչ, չենք ասում ասա, որ ինքը քաղբանտարկյալ է, չենք խեղդում, ուզում ենք հասկանալ մարդկանց էդ խմբի, կուսակցության դիրքորոշումը, թե քաղբանտարկյալի իրենց ընկալումը ո՞րն է»։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ իրենց նպատակը եղել է քաղաքական հայացքների, դիրքորոշման քննություն անցկացնելը։ Ի դեպ, քննարկմանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից գրեթե բոլորը, թե՛ «Հայկական վերածնունդ» կուսակցության, թե՛ ՕՐՕ դաշինքի, թե՛ ՀԱԿ-ի միանշանակ հայտարարեցին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Վերջիններս ակտիվ քննարկում սկսեցին, երբ հարց հնչեց ընտրակաշառքից, նույնիսկ սկսեցին պատմել, թե ինչ արտառոց մեխանիզմներով են փորձում վերահսկել այն, թե ընտրակաշառք վերցնողը իրեն ձայն տվե՞լ է, թե՞ ոչ։

Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031