Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր գնալու ենք իշխանափոխության». ՀՎԿ-ի քարոզարշավը Արմավիրում

Մարտ 07,2017 15:52

«Այս ընտրություններն ունեն կարեւոր նշանակություն մեր երկրի ապագայի համար, առաջիկա հինգ տարիներին այլեւս համապետական ընտրություններ չեն լինելու, կարեւոր է՝ մարդիկ կատարեն գիտակցված ընտրություն, որ դուրս գան ծանր սոցիալական վիճակից»,- այսօր Արմավիրում արմավիրցիների հետ հանդիպումն այսպես սկսեց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա, մեր հասարակությանն այսօր ներկայացվեց մի ընտրակարգ, որը բավականին վիճահարույց է. «Անունը դրել են համամասնական ընտրություններ, բայց մեծամասնական համակարգ է գործում, վարկանիշային բազմաթիվ թեկնածուներ են առաջադրվել, եւ ընտրողը պետք է ընտրի կուսակցությանը, հետո կուսակցության անհատի»:

Պարոն Բաղդասարյանի խոսքով, Արմավիր մարզում առաջադրել են տասնհինգ թեկնածու, հանդիպման մասնակիցներին ասաց՝ «Բոլորը ձեր հող ու ջրից են», հետո հարցրեց ճանաչո՞ւմ են ու ինչ կարծիք ունեն նրանց մասին:

Արմավիրում առաջադրված ՀՎԿ պատգամավորի թեկնածու, անհատ ձեռներեց Գառնիկ Ղազարյանը խոստացավ՝ «ամեն ինչ անելու եմ արմավիրցիների համար, որ բոլորն իրենց լավ զգան: Նրա խոսքով, ինքը իր անցյալի համար չի ամաչում, իր անցյալի համար գլուխը չի խոնարհում. «Իմ բոլոր ընկերները համամիտ են, որ այսօր գնալու ենք իշխանափոխության, որ մեր Արմավիրի սոցիալական վիճակը, արտագաղթը, ամեն ինչ դրվի նախկին հունի վրա, որը ժամանակին տեսել ենք: Մեծ պայքարի մեջ ենք մտել ու գիտենք՝ պայքարը գնալով թեժանում է, ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակով դուրս գանք: Մեզ հաղթանակ եմ ցանկանում»:

Պատգամավորի գործազուրկ թեկնածու Արթուր Եղիազարյանն էլ ասաց, որ 26 տարի առաջ անկախության պայքարի համար ոտքի ելած հայերը այսպիսի անկախություն չէին սպասում, ավելին էին ուզում. «Ավելի լավին էինք ձգտում, եկել է վճռական պահը, յուրօրինակ ընտրություններ են, որով կարող ենք որոշել մեր ապագան, միայն մեր ճիշտ ընտրությամբ կարող ենք հասնել մեր նպատակներին»:

ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ արմավիրցիների հետ հանդիպմանը ափսոսանք հայտնեց, որ ՏԻՄ-ը լրջագույն ուշադրություն չի դարձնում քաղաքացու ու գյուղացու կյանքը փոխելու հարցին այն հնարավորությունների շրջանակներում, որը տրվում է պետբյուջեով. «Մենք մրցունակ ենք եղել մեր անցյալով ու ապագայով: Շատ հզոր ու գեղեցիկ ծրագիր ենք ներկայացնում, ինչը կփոխի հայ ժողովրդի կյանքը: Բոլորիս համար անհրաժեշտ է, որ դպրոցները գերազանց ավարտած մեր երեխաները, որոնք սոցիալական ծանր պայմանների պատճառով չեն կարողացել լրացուցիչ պարապել, առանց ընդունելության քննությունների հայտնվեն այն բուհում, որտեղ իրենք են ցանկանում, այսինքն, առաջարկում ենք, որ վերանա ընդունելության քննությունները: Յուրաքանչյուր երեխա պետք է կարողանա սովորել ու ընթացքում իր մրցունակությունը ցույց տալ: Մեզ համար խիստ կարեւոր է, որ մարզի երիտասարդներն ամուսնության համար արտագնա աշխատանքի չգնան, դա է պատճառը, որ առաջարկում ենք՝ երիտասարդ ընտանիքը, որն ամուսնանում է, պետությունից ստանա միանվագ 500.000 դրամի չափով գումար, որ հոգա իր փոքրիկ ծախսերը, որը հնարավորություն կտա երիտասարդների միասնությանը: Մեզ համար կարեւոր է, որ երկրում վարկերն այնքան էժանան, որ յուրաքանչյուր գյուղացի ու քաղաքացի կարողանա դրանցից օգտվել, այսինքն, վարկերը նվազագույն չափի տոկոսադրույքներ ունենան, որ բոլորն օգտվեն: Մենք առաջարկում ենք՝ պետությունն իր վրա վերցնի գյուղատնտեսության ոլորտի ռիսկայնությունը, որովհետեւ երբեմն լինում է կարկուտ, ինչից հետո գյուղացին մնում է միայնակ իր այգու ու ջարդուփշուր եղած բերքով, մենք ուզում ենք, որ պետությունը գյուղացուն չթողնի միայնակ իր վարկերով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031