Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ցուցարարներին դուրս հանեցին Հանրապետության հրապարակից (Տեսանյութ)

Մարտ 18,2017 21:59

Կառավարության շենքին հարակից հատվածում՝ Հանրապետության հրապարակում նստած մի քանի ցուցարարներին ոստիկանությունը հեռացրեց՝ գրկելով: Այս պահին կառավարության շենքի մոտ բազմամարդ է: Ցուցարարներից մի երիտասարդ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին վստահեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի ոստիկան ցուցարարներից մեկին բերման է ենթարկել: Մի կին էլ վստահեցրեց, որ ցուցարարներին շուրջ բոլորը քաղաքացիական հագուստով ոստիկաններ են:

Ցուցարարներն ասացին, որ ուզում են շարժվել Ազատության հրապարակ:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիան ի հիշատակ օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» է:

Շահեն Հարությունյանը, բողոքի մասնակիցներին դիմելով, ասաց, որ այլեւս չեն գալու կառավարության շենքի մոտ, իրենք իրենց դիմումն ու իր խոսքով՝ «մեսիջները» տեղ են հասցրել. «Պատերազմը մենք ենք հաղթելու, էդ պուճուր մարդը ինքը պիտի գա մեզ մոտ: Օպերան դառնում է մեր բնակատեղին, պայքարի տեղ դարձնենք, մոտ հիսուն մարդ թող գա միանա նստացույցին»:

Ապա որոշեցին Հանրապետության հրապարակից շարժվել դեպի Ազատության հրապարակ եւ բողոքի ցույցը շարունակել, մինչեւ իրենց պահանջը չկատարվի:

Այս պահին բողոքի ցույցի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ «Վաղը 6-ին Օպերա», «Արթուր-Արթուր» վանկարկումներով:

Ազատության հրապարակից մեկնարկած բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվել էին կառավարության շենքի մոտ, եւ վարչապետի օգնականից պահանջում էին ներկայացնել իրենց դիմումի պատասխանը: Իսկ դիմում-պահանջն է՝ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում:

Բացի այս, բողոքի մասնակիցները նաեւ պահանջում են պատժել «Հաց բերողի» մահվան համար մեղավորներին՝ արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հրաժարականը, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:  Նրանք նաեւ  պահանջում են քրեական գործ հարուցել դատավոր Մկրտչյանի եւ Էդ. Հակոբյանի նկատմամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031