Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու-երեք տարի հետո հնարավոր է առանց վիզայի մեկնենք Եվրոպա

Ապրիլ 03,2017 13:00

Սերգեյ Մինասյանի տեղեկացմամբ՝ եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ, հնարավոր է՝ աշնանն այդ ուղղությամբ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվի:

Օրերս ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին հարցազրույց է տվել Gazeta-ին, որում կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը դժվար թե 10-20 տարի գոյություն ունենա՝ մանավանդ, եթե միության անդամ երկրների ղեկավարները փոխեն իրենց աշխարհայացքը:

«Առավոտը» «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանից հետաքրքրվեց` արդյոք իրատեսակա՞ն է այս կանխատեսումը, եւ ի՞նչ են հուշում իր կատարած ուսումնասիրությունները: Մեր այն հիշեցմանը, թե ԵՏՄ մուտք գործելուն ընդդիմացողներն այժմ պնդում են, որ ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառության ծավալները ՀՀ-ի` ԵՏՄ մուտք գործելուց հետո կրճատվել են, պարոն Մինասյանն արձագանքեց. «Ես տնտեսագետ չեմ, բայց ունեմ տվյալներ, որ 2017-ի սկզբին մենք ունենք բավականին դրական տնտեսական դինամիկա»:

Պարոն Մինասյանն ասաց, որ ինքը գիտնական է, այլ ոչ թե քաղաքագետ կամ աշխարհաքաղաքական վերլուծաբան, մյուս կողմից էլ՝ իրեն թույլ չի տա նման երկարաժամկետ կանխատեսումներ անել, այլ կարող է 2-3 տարվա կտրվածքով կանխատեսումներ անել: Ըստ այդ վերլուծությունների` Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ընթացքը կախված է նավթի եւ գազի գներից, որոնք ազդում են Եվրասիական տնտեսական միության առնվազն երեք կարեւոր երկրների տնտեսությունների վրա` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս. «Եթե նավթային դինամիկան դրական լինի, դա դրական անդրադարձ կունենա ՀՀ տնտեսության վրա, եւ հակառակը՝ ինչպես դա տեղի ունեցավ 2015-2016-ին»:

Մեր այն դիտարկմանը՝ մանավանդ, որ կան նման մտահոգիչ կանխատեսումներ, վտանգ չի՞ տեսնում, որ ի վերջո, ՀՀ տնտեսությունը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ չի ստանա այն, ինչի մասին հավաստիացնում էին ՀՀ իշխանությունները, եւ միեւնույն ժամանակ կկորցնի Եվրամիության հետ տնտեսական համագործակցության դրական հեռանկարները, պարոն Մինասյանն ի պատասխան՝ նշեց, թե Վրաստանում, որը ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, դրա ստորագրումից հետո առանձնապես լուրջ տնտեսական աճ չի գրանցվել:

Մեր այն հիշեցմանը՝ բայց Վրաստանը ԵՄ անդամ երկրների հետ արդեն առանց վիզայի ռեժիմ ունի, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Եվ ի՞նչ: Վիզան արժե 35 եվրո: Եթե դա ամենակարեւոր երազանքն է հասարակության համար, դա այլ հարց է: Բայց կան ավելի կարեւոր տնտեսական խնդիրներ, որոնք կարելի է լուծել, եւ որոնց պետք է ուշադրություն դարձնել»:

Հարցին` իսկ ի՞նչ երաշխիքներ, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ի համար այդ կարեւոր տնտեսական հարցերը կլուծվեն, պարոն Մինասյանը պատասխանեց, թե քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մի բանի համար երաշխիքներ տալ չի կարող. «Մենք ժամանակին ԵՏՄ մտել էինք ոչ այնքան տնտեսական, այլ քաղաքական պատճառներով: Իսկ տնտեսական առումով դեռ չեմ բացում փակագծեր, բայց փաստ է այն, որ մենք գտնվում ենք մեջտեղում. Եվրասիական միության անդամ ենք, մենք ունենք արտոնյալ պայմաններով էներգակիրների ներմուծման հնարավորություն Ռուսաստանի կողմից, իսկ ԵՄ-ի հետ աշնանը պատրաստվող պայմանագիրը որակապես չի տարբերվում նրանից, ինչ ունեն Ուկրաինան եւ Վրաստանը: Մոտակա երկու-երեք տարվա մեջ հնարավոր է՝ մենք էլ ունենանք ազատ վիզային ռեժիմ Եվրամիության երկրների հետ»:

Մեր հստակեցմանը` ՀՀ-ԵՄ պայմանագիրն այդ հնարավորությունը տալի՞ս է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Այդ պայմանագիրը դրական քաղաքական հիմք է արդեն այլ շրջանակներում, որը նախատեսում է, այսպես կոչված, վիզադայլոգի շրջանակներում, որի մասին, եթե չլինի ֆորսմաժոր, աշնանը պայմանավորվածություն կստեղծվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Կսկսենք աշխատել այդ ուղղությամբ, եւ միգուցե երկու-երեք տարվա ընթացքում հաջողվի դա անել»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930