«Ես կարծում եմ, որ երբեք չպետք է զիջենք այն, ինչ որ ունենք. Տղաները հենց այնպես իրենց կյանքը չեն զոհել, նրանք իրենց կյանքը զոհել են անձնվիրաբար, առանց մտածելու, որ իրենց կյանքի հավանականությունը 50/50 է կռվի դաշտում եւ իրենցից ոչինչ կախված չէ, մենք իրավունք չունենք հանձնվելու, թուրքին հենց այնպես ինչ-որ բան տալու»,- տարածքների հնարավոր վերադարձման մասին լուրերի առնչությամբ նման կարծիք հայտնեց ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի անդամ Նարե Վարդումյանը:
Նա այսօր մի խումբ համալսարանականների հետ մասնակցում էր ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթին՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նա հիշեց, որ անցած տարի ապրիլյան դեպքերի ժամանակ իր դասընկերները հերթ էին կանգնում կամավորագրվելու համար. «Գալիս էին նույնիսկ տղաներ, որոնք ծառայած չէին, ասում էին՝ ես ծառայած չեմ, բայց խնդրում եմ տարեք ինձ դիրքեր, մի բանով կօգնեմ: Աղջիկներս էլ ասում էինք՝ մեզ տարեք, էնտեղ իրենց համար ուտելու մի բան կպատրաստենք, բուժօգնությամբ կօգնենք: Ապրիլի սկզբի օրերին մեզ մոտ՝ մարտական ակումբում, խելահեղ էմոցիաներ էին, տղաները պատրաստակամ գնացել են ու մի ուրիշ ոգով վերադարձել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ