Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսը կօգնի տեսնել և հասկանալ հայկական ճարտարապետության անվերջությունը և հավերժությունը

Ապրիլ 11,2017 18:04

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային անվան ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվեց «Պատմություն դարձած ժամանակը…» խորագրով ցուցահանդեսը: Ցուցասրահում ներկայացված են թանգարանի արխիվում պահպանվող Երևանի և Հայաստանի այլ վայրերի 19 -20րդ դարի ճարտարապետական նմուշները:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային անվան ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր- Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ աշխատանքներից որոշները նախկինում ևս ցուցադրված են եղել, սակայն ամբողջական կերպով սա առաջին ցուցադրությունն է:

Այն հարցին, թե ինչ առիթով է բացվել ցուցահանդեսը հենց այս ժամանակահատվածում, նա պատասխանեց, որ որևէ կոնկրետ պատճառ չկա, պարզապես մեկ այլ սրահում ցուցադրել էին միջնադարյան ճարտարապետության նմուշները և որոշեցին նաև ցուցադրել ժամանակակիցը:

Անուշ Տեր-Մինասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ցուցահանդեսի խորագիրը պատահական ընտրված միտք չէ. «Մենք կոչել ենք մեր ցուցահանդեսը «Պատմություն դարձած ժամանակը», քանի որ ամեն շրջան անցնելուց հետո դառնում է պատմություն: Մենք չենք տեսել միջնադարը, այլ տեսնում ենք այդ ժամանակահատվածում կառուցված ճարտարապետական կոթողները: Սա հեռավոր պատմություն է, իսկ սա մեզ համար շատ ավելի մոտ պատմություն է: Շատերս տեսել ենք թե ինչպես ես այդ ճարտարապետական կոթողները կառուցվել»:

Տնօրենի խոսքով՝ հենց միջնադարն էր այն ժամանակաշրջանը, որը հիմք ստեղծեց 20-րդ և 21-րդ դարի ճարտարապետության համար: Թանգարանի արխիվում շատ ավելի շատ նյութ կար պահպանված, սակայն այսօր ցուցադրվել է այնքանը, որքան հնարավորություն, որ թույլ է տալիս ցուցասրահի տարածքը:

Անուշ Տեր-Մինասյանը նշեց, որ հայտնի փաստ է, որ Թամանյանական դպրոցի ներկայացուցիչները և կոնստրուկտիվիստները ունեին մեծ հակասություններ: Այս ցուցահանդեսում կարող ենք տեսնել բոլոր ոճերը և բոլոր ուղղությունները: Իրականում այսօր հետադարձ հայացք նետելով և նայելով ստեղծագործություններին կարելի հասկանալ, որ ուղղություններն իրար մոտ էին, քանի որ հիմնված էին ազգային հողի վրա:

Ցուցադրված են Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործությունները, որը բերել է ազգային գաղափարը ճարտարապետության մեջ, թեև այդ ժամանակներում դա ընդունված չէր:

Ըստ տնօրենի՝ այս ցուցահանդեսը շատ ուսանելի է այսօրվա ճարտարապետների համար, քանի որ նրանցից շատերը չեն կարողանում նկարել ձեռքով, այլ համակարգչով են աշխատում:

Ցուցադրված են նաև Գրիգոր Աղաբաբյանի աշխատանքները, թեև նրա ստեղծած Փակ շուկան աղավաղեցին, սակայն Անուշ Տեր-Մինասյանը հույս ունի, որ մի օր այն կվերադառնա իր նախկին տեսքին:

Նաև ցուցադրված են Հայկ Ասատրյանի, Նարեկ Սարգսյանի, «Ստորակետ» արվեստանոցի և շատ այլ երիտասարդ հեղինակների աշխատանքներ:

Ցուցահանդեսը կօգնի տեսնել և հասկանալ հայկական ճարտարապետության անվերջությունը և հավերժությունը:

Թանգարանի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ հայ ճարտարապետությունը կանգ չի առել. Միջնադարից սկսած այն անընդհատ նորոգվելով՝  լուծումներ փնտրելով առաջ է գնացել:

Այս ցուցահանդեսում ներկայացվել են բոլոր շերտերը՝ 20-ականներից մինչև այսօր: Ամփոփվել է մի ամբողջ ժամանակաշրջան: Առաջիկայում կլինեն նաև այլ ցուցադրություններ այս թեմայով: Ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս:

Նելլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930