Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշադրամների թողարկման բնագավառում մեզ մոտ պասիվ դիրքորոշում կա»

Ապրիլ 15,2017 15:00

Հետաքրքիր է նայել դրամին ոչ միայն որպես ապրուստի միջոց, այլեւ որպես արվեստի նմուշ, հուշադրամ, ներդրումային դրամ: Հասկանալ, թե ինչպես են դրամները շրջանառվում այսօր աշխարհում եւ Հայաստանում: Ի՞նչ արժեք ունի հայկական դրամը համաշխարհային ֆինանսական հոսքում: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ:

-Ինչպե՞ս առաջացավ հայկական դրամագիտությունն ուսումնասիրելու գաղափարը:

-Հաշվի առնելով դրամագիտության նկատմամբ ժամանակակից աշխարհում աճող հետաքրքրությունը եւ այդ բնագավառում առկա ֆինանսական հոսքերը, կարծում եմ, որ հասունացել է այդ թեմային առնչվող հետազոտության անհրաժեշտությունը: Ուստի ցանկացել եմ համառոտ կերպով ներկայացնել հայկական դրամագիտության ներկա վիճակն ու կատարել որոշ եզրահանգումներ, որոնց կիրառական նշանակության վերաբերյալ հետագայում անդրադարձ կլինի առավել ծավալուն հրապարակմամբ:

-Այսօր աշխարհում ո՞ր ազգային էմիտենտները կամ այլ կերպ ասած՝ կենտրոնական բանկերն են տրամադրում տվյալներ դրամների շրջանառության մասին:

– Ազգային էմիտենտներից խոշորագույններն են Չինաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Կուբան, ԵՄ երկրները, Ավստրալիան: Ազգային էմիտենտներից առավել ստույգ վիճակագրական տվյալներ է տրամադրում ԱՄՆ-ը, որի պետական US MINT դրամահատարանը: Հուշադրամների բնագավառում ծանրակշիռ տեղ ունի Ռուսաստանի Դաշնությունը, որի Կենտրոնական բանկի պատվերով 1991 թվականից մինչեւ այսօր թողարկվել է ավելի քան 1100 անուն հուշադրամ եւ ներդրումային դրամներ, որոնց տպաքանակը տատանվում է 100 հատից մինչեւ մի քանի տասնյակ միլիոններ:

-Ի՞նչ սկզբունքով են դրամներն արտադրվում աշխարհում:

– Շատ տարբեր նպատակներով, օրինակ, հավաքորդական: Հուշադրամներ, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից, դրամաշրջանառության մեջ օգտագործվող մետաղադրամներ՝ ցածրարժեք մետաղներից, ներդրումային, հավաքորդական նպատակներով օգտագործվող ներդրումային դրամներ` թանկարժեք մետաղներից, ստանդարտացված տարաչափ ձուլակտորներ՝ թանկարժեք մետաղներից, հավաքորդական նպատակներով հուշամեդալներ:

-Ո՞րն է հուշադրամների եւ ներդրումային դրամների արտադրության հիմնական տարբերությունը:

– Հուշադրամները թողարկվում են սահմանափակ տպաքանակով, վերաթողարկումներ չեն ենթադրում, դրանց արտադրության ժամանակ օգտագործվում են յուրահատուկ, ռելիեֆային քանդակների ստեղծման տեխնոլոգիաներ, որոնց արդյունքում հուշադրամները լինում են պրուֆ որակի` հայելապատ անդրադարձմամբ, իսկ ներդրումային դրամները թողարկվում են անսահմանափակ տպաքանակով, ունենում են վերաթողարկումներ քաշային տարբերակներով, դրանց արտադրության ժամանակ օգտագործվում են համեմատաբար էժան տեխնոլոգիաներ եւ արդյունքում ներդրումային հուշադրամներն իրենց գեղարվեստական արժեքով, կատարման որակով, պատրաստման դրամագիտական մակարդակով զիջում են սովորական հուշադրամներին, ընդ որում՝ ներդրումային դրամներն իրենց արժեքային անվանական արտահայտությամբ առավել մոտ են տվյալ քաշի մետաղի համաշխարհային գնին: Ներդրումային մետաղադրամները նաեւ հատուկ փաթեթավորման չեն ենթարկվում:

-Ո՞րն էաշխարհում ներդրումային դրամների առաջատար հնգյակը:

– Ներդրումային դրամների խճապատկերում առաջատարների հնգյակի առաջին եւ երկրորդ տեղերը կիսում են ամերիկյան «Արծիվը» եւ կանադական «Թխկու տերեւը», ընդ որում՝ վերջին տարիներին Կանադական թագավորական դրամահատարանն այլեւս չի հրապարակում հանրային ցուցանիշներ վաճառքի վերաբերյալ: Երրորդ տեղն այդ ցուցակում կիսում են միանգամից մի քանի դրամահատարաններ` ավստրիական «Ֆիլհարմոնիկը», չինական «Պանդան» եւ ավստրալիական «Կենգուրուն» արծաթե դրամներով, ընդ որում՝ ավստրալիական Պերտ քաղաքի դրամահատարանի ներդրումային դրամն արտադրանքի տեսականու մեջ հայտնվել է միայն 2015թ. սեպտեմբերին եւ 2016թ. հուլիսի դրությամբ արձանագրել էր տասը միլիոն հատ վաճառք:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դերը այս գործընթացում:

-Հայաստանի Հանրապետությունում ազգային արժույթով արտահայտված դրամների թողարկման մենաշնորհը տրված է ՀՀ կենտրոնական բանկին: 1991 թվականից սկսած՝ ՀՀ կենտրոնական բանկի պատվերով, առանց բացառության, ՀՀ տարածքից դուրս իրականացվել են մի քանի տասնյակ ոսկյա, արծաթյա հուշադրամների եւ մեկ տեսակ ներդրումային դրամի թողարկումներ: 2011 թվականին ՀՀ կենտրոնական բանկը պայմանավորվածություն է ձեռք բերել գերմանական Geiger-edelmetalle կազմակերպության հետ, որի արդյունքում այդ կազմակերպությանը լիազորվել է իրականացնել մեկ քառորդ ունցիայից մինչեւ 5 կգ քաշով «Նոյան տապան» ներդրումային արծաթե հուշադրամների թողարկումը եւ վաճառքը: Սովորական ոսկե, արծաթե հուշադրամները բացառապես նվիրված են եղել հայկական մշակույթի, պատմության, քաղաքական մտքի երախտավորներին: Առավել քան նկատելի է, որ դրամագիտության եւ հուշադրամների թողարկման բնագավառում մեզ մոտ նկատվում է որոշակի պասիվ դիրքորոշում, որի հաղթահարման դեպքում հնարավոր կլիներ գրանցել առավել տպավորիչ արդյունքներ:

 

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարում` Դրամի արձանը՝ ԿԲ-ի դիմաց

 

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930