Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. Պատերազմական այս մարտահրավերների առջև մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության

Մայիս 09,2017 10:33

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով:

Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում և վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շոշափելի ջանքերը, որոնք նպաստեցին Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան ազատագրական պայքարում այս հաղթական օրը մեր հերոս զավակները անկոտրում կամքով ու քաջարի ոգով ազատագրեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և ազգային մեր մշակույթի նշանավոր կենտրոն Շուշի քաղաքը: Այդ որոշիչ օրերին կազմավորվեց նաև Արցախի ապահովության և խաղաղության երաշխիք հանդիսացող Պաշտպանության բանակը:

Այսօր, հակառակ մեր ժողովրդի խաղաղասեր ոգու, շարունակում է առաջնային մնալ հարձակումներից մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Պատերազմական այս մարտահրավերների առջև մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության, մեզ համար հրամայական է հայրենիքի շենացումը ու մեր անվտանգության գրավական հանդիսացող հայոց բանակի զորացումը:

Մեր աղոթքն ու հայցն է առ Աստված, որպեսզի Բարձրյալ Տերը լուսեղեն երկնային հարկերում հանգստություն շնորհի հայրենիքի համար զոհված մեր հերոս զավակների հոգիներին, խաղաղություն պարգևի համայն աշխարհին, զորացնի և ապահովության մեջ պահի հայրենի մեր պետականությունը և մեր ժողովրդին այժմ և հավիտյանս. ամեն:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031