Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ո՛չ մեքենա ունեմ, ո՛չ էլ բնակարան Գյումրիում»․ Շիրակի դատախազը ՝ իր ունեցվածքի մասին

Մայիս 10,2017 17:26

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից ամենահարուստը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, որը գործարար լինելով՝ մի շարք օբյեկտների, գործարանների համասեփականատեր է։ Ու չնայած պարոն քաղաքապետն ամեն առավոտ աշխատանքի է ներկայանում զրահապատ, մոտ 660 հազար դոլարի հասնող «Լեքսուս» մակնիշի մեքենայով, սակայն վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ չունի ո՛չ շարժական գույք, ո՛չ էլ թանկարժեք գույք, միակ եկամուտն էլ աշխատավարձն է, որը կազմում է 3․601․620 դրամ

Ըստ 10․12․2016 թվականին ներկայացրած հայտարարագրի, շարժական ու թանկարժեք գույք, դրամական միջոցներ չունի նաև Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա ևս որպես միակ եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է 4․337,689․00 դրամ։ Ըստ հայտարարագրի, դատախազն ունի ընդամենը մեկ բնակարան բազմաբնակարան շենքում։

Aravot.am-ը Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ մի՞թե դատախազը չունի սեփական ավտոմեքենա, որևէ օբյեկտ կամ բնակարան Գյումրիում, որոնք չի հայտարարագրել։ « Հայտարարագրելու պահից սկսած իմ ունեցվածքը մնացել է նույնը, ոչինչ չի ավելացել․ ես ու իմ ընտանիքը ունենք մեկ բնակարան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ես այն ձեռք եմ բերել 2004 թվականին։ Այդ ժամանակ դեռևս իրավապահ համակարգում չէի աշխատում, ես համակարգ եմ մտել 2007 թվականից։ Ունեմ Շիրակի մարզի Արևշատ գյուղում՝ իմ ծննդավայրում հողամաս, որը նույնպես ձեռք եմ բերել 2005 թվականին, երբ դարձյալ իրավապահ համակարգում չէի աշխատում։ Չունեմ անձնական ավտոմեքենա, այլ գույք, այլ շենքեր կամ որևիցե օբյեկտ։ Գյումրիում տուն չունեմ, Գյումրիում տուն ունեն իմ ծնողները, ես ներկայումս բնակվում եմ իմ ծնողների տանը։ Ճիշտ է ծնողներս այս պահին բնակվում են գյուղում, սակայն հայրս տուն ունի նաև Գյումրիում։ Ասեմ, որ սովորական, մեկ հարկանի, համեստ, առանց ավելորդ ճոխությունների քարաշեն տուն է, նույնիսկ պարսպապատված չէ։ Կարող եք գնալ, ուսումնասիրել, լուսանկարել։ Այդ տունը կառուցվել է հայրիկիս և եղբորս ձեռքերով․ երեք տարի է տևել շինարարությունը՝ 2013-ից մինչև 2016 թվականը»,- ասաց դատախազը։

Մենք Կարեն Գաբրիելյանից հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ է բնակարան գնել Աբովյան քաղաքում, ի՞նչ կապ ունի այդ քաղաքի հետ։ «Ես որ ուսանող էի․ սովորել եմ Երևանի պետական համալսարանում, իմ հորեղբայրը բնակվում էր Աբովյան քաղաքում, ես ուսանողական տարիներին՝ 4 տարի, մնացել եմ այդ քաղաքում, ու շատ սիրելով Աբովյանը՝ որոշեցի բնակարան ձեռք բերել այնտեղ»,- պարզաբանեց դատախազը։

Մեր դիտարկմանը՝ տեղեկություններ են տարածվել, թե դուք գազալցակայաններ եք ձեռք բերել Շիրակի մարզում, դատախազը հեգնեց․ «Մատնանշեք մի գազալցակայան, որի սեփականատերը ես եմ, ու ես դա կնվիրեմ այդ լուրերը տարածողներին։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ չունեմ ո՛չ մի օբյեկտ, ո՛չ մի գազալցակայան, ո՛չ մի խանութ։ Կարծում եմ այնքան էլ դժվար չէ ճշտելը, մարզում քանի գազալցակայաններ կան ու ովքեր են սեփականատերերը։ Ես ապրում եմ միայն իմ աշխատավարձով, համեստ կյանքով, կինս էլ ուսուցչուհի է, աշխատում է Գյումրու թիվ 11 դպրոցում, ընդ որում կինս ուսուցուհի էր աշխատում, երբ ես մարզի դատախազ չէի՝ 2013 թվականից»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ծնունդով լինելով Շիրակի մարզից՝ դժվար չէ՞ նույն մարզում աշխատել դատախազ, երբ կան ծանոթություններ, ընկերություն, շահերի բախման չի հանդիպո՞ւմ։ Հիշեցրինք, որ Շիրակի նախորդ դատախազ Րաֆֆի Ասլանյանին բնութագրելիս, Շիրակի բարձրաստիճան պաշտոնյաները նշում էին, որ նա ոչ մի խնջույքի, միջոցառման չի մասնակցում, բոլորի հետ շփվում է ի պաշտոնե՝ մտերմություններ չի սիրում։

«Ես շփվում եմ բոլորի հետ՝ ելնելով աշխատանքային հարաբերություններից։ Մարդիկ գիտեն, որ ինձ հետ անձնական բնույթի հարաբերություններ չեն կարող ունենալ, ինձ ճանաչելով՝ զերծ են մնում հրավիրելու անձնական ճաշկերույթների։ Որևիցե մեկ պաշտոնյայի հրավեր չեմ ընդունում՝ մասնակցելու անձնական ճաշկերույթների, բացառություն են կազմել պաշտոնական ճաշկերույթները։ Որևէ մի պաշտոնյա չի կարող ասել, որ ինձ հետ ունի անձնական կապեր։ Ես լավ եմ գիտակցում իմ պաշտոնի լրջությունը, պատասխանատվությունը, բացառապես աշխատելու եմ օրենքի տիրույթում։ Եվ իմ գերնպատակն է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ ենթարկվի քրեական պատասխանատվության։ Միշտ ասել եմ՝ ես շատ կոշտ մոտեցում եմ դրսևորում կոռուպցիայի դեմ պայքարում, չի կարող լինել որևիցե մի պաշտոնատար անձ, որևիցե քաղաքացի, որը դրսևորի տվյալ վարքագիծը ու մնա անպատիժ։ Վստահ եմ, որ իմ խիստ աշխատաոճը դուր չի գալու որոշակի անձանց, բայց ստիպված են համակերպվել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031