Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ Արթիկի 4-րդ դպրոցի տնօրենին. «Ի՞նչ է նշանակում դպրոցի մեջ աշակերտները պլակատներով ման գան, ես էլ մամուլից իմանամ» (Տեսանյութ)

Մայիս 11,2017 13:50

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը խորհրդակցության էր հրավիրել մարզի դպրոցի տնօրեններին՝ խիստ նախազգուշացնելով ծայրահեղ աղքատ այս տեղանքում զերծ մնալ վերջին զանգի ավելորդ դրամահավաքներից։ Նա հանդիպմանն անդրադարձավ նաև Արթիկի թիվ 4-րդ դպրոցում զարգացող դեպքերին։

Հիշեցնենք, որ խոսքն այն դպրոցի մասին է, որի շենքը սփյուռքահայ գործարարներն Արթիկի քաղաքային իշխանության հետ ուզում են կարի գործարանի վերածել:

Հովսեփ Սիմոնյանը, դիմելով Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրենին, ասաց. «Հարցս ուզում եմ ուղղել Արթիկի 4-րդ դպրոցի տնօրենին, ի՞նչ է նշանակում դպրոցի մեջ աշակերտները պլակատներով ման գան, երբ ընդհանրապես մարզպետը տեղյակ չէ ձեր խնդիրներից։ Երբ որ դուք մեր ենթակա կազմակերպություն եք, շատ բաներ դպրոցում կատարվում են, մենք՝ որպես լիազոր մարմին, իմանում ենք լրատվամիջոցներից։ Չեմ պատկերացնում մարզում որևէ պաշտոնյա իրեն թույլ տա չզբաղվել խնդրով, եթե տեսնում է, որ խնդիր կա։ Այլ հարց է՝ զբաղվելու դեպքում դրական, թե բացասական լուծում է ստացել խնդիրը, բայց չզբաղվել, ես չեմ էլ պատկերացնում։ Այ, եթե պլակատ բռնելու տեղ սովորացնեին, որ դպրոցն էդ աստիճանի չհասցնեին, ես ավելի մեծ ուրախություն կապրեի…

Չի կարելի երեխաներին ներքաշել խնդիրների մեջ, որը վերաբերում է տնօրեն, մարզպետ, քաղաքապետ, ես չգիտեմ այլ կառույցների։ Հարգելի տնօրեններ, չկա խնդիր, որ մենք ցանկություն չունենք զբաղվելու, չկա էդպիսի խնդիր, ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է խնդիր առաջանալու դեպքում, եթե իր լուծելիքը չէ, ինքը վիճակի չէ, դիմելու մեզ։ Մենք ի վիճակի չեղանք, բնական է՝ վերադաս մարմիններին կդիմենք»,- ասաց մարզպետը։

Նա նշեց, որ միևնույն է, գնալու են ինչ-որ օպտիմալացման։ «Չենք կարող 100 աշակերտով 6 հազար քառ. մետր դպրոց պահել, մենք պիտի փորձենք այդ ամբողջ պրոցեսներն անցավ կազմակերպել։ Սա է մեր ամենակարևոր անելիքներից, բայց որ նաև չենք կարող երեխային լիարժեք կրթություն տալ, և՛ տաքություն ապահովել, էս ֆինանսական միջոցներով, էս թվաքանակով մենք ի վիճակի չենք», -ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ չնայած Արթիկի գուլպա-նասկեղենի ֆաբրիկայի սեփականատեր Յուրա Սահակյանը սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջիին առաջարկել է չորս տարի առանց վարձավճարի տրամադրել կոմունիկացիոն բոլոր հարմարություններով իր շենքը, սակայն վերջինս հրաժարվել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031