Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում հավաքել ողջ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները»

Մայիս 15,2017 15:55

«Երեկ Երեւանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, բոլոր կողմերին էլ հավանաբար բավարարող»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի, հնարավոր է «Ելք»-ն ավելի շատ ձայների հույս ուներ, բայց հասկանալի է, որ ՀՀԿ-ն պետք է մեծամասնություն հավաքեր: «Անսպասելի ոչինչ չեղավ»,- ասաց նա:

Այս ընտրություններին ընտրողների քիչ մասնակցությունը`մոտ 35 տոկոս, համեմատելով ավագանու նախորդ ընտրությունների հետ, քաղաքագետը բացատրում է նրանով, որ հիմնական ուժերից մի մասը չէին մասնակցում այս ընտրություններին: «Ո՞ւմ օգտին էիք պարոն Ծառուկյանի ընտրողներին առաջարկում քվեարկել`Նիկոլի՞, Զարուհո՞ւ, Տարոնի՞»,- տարակուսեց բանախոսը`հավելելով, որ իր կարծիքով, ընտրողների պասիվ մասնակցությունն այս ընտրություններին, հենց սրանով էր պայմանավորված:

«Ընդհանուր առմամբ, այս ընտրությունները պառլամենտականի նման անցան: Կատարված տեխնիկական փոփոխությունները ընտրատեղամասերում, ընտրական հանձնաժողովների մասնակցությամբ, խախտումները բացառում էին»,- ասաց նա:

Քաղաքագետը մեկ էական դիտարկում ունի այս ընտրություններում`դրանք ցույց տվեցին, որ «Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում հավաքել ողջ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները»: Նա նկատում է, որ նույն հարթակում «խաղում» էր նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ արձանագրում. «Մարդիկ դադարում են հավատալ նաեւ այն սկանդալներին, որոնք ընդդիմադիր թեկնածուները ստիպված օգտագործում էին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031