Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և մի քանի այլ չընտրված փաստաբաններ չեն կարող ամբողջ փաստաբանության անունից դիրքորոշում հայտնել». Ծովինար Խաչատրյան

Մայիս 26,2017 15:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք փաստաբաններ լուրջ դժգոհություններ ունեն ՀՀ փաստաբանների պալատի և այն ղեկավարող Արա Զոհրաբյանի գործունեությունից:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից Aravot.am-ը ստացավ պարզաբանումներ հնչած մեկնաբանությունների առնչությամբ:

Մեր այն փաստմանը, թե փաստաբանները պնդում են, որ Արա Զոհրաբյանի կարծիքից տարբերվող կարծիք ունեցող փաստաբանները ենթարկվում են հետապնդման և ստեղծված իրավիճակից ելքի տարբերակ նրանք առաջարկում են վերադառնալ 1998-ի օրենքին, համաձայն որի՝ 50 և ավելի փաստաբաններ կարող էին ստեղծել իրենց միությունը և հարցին՝ ի՞նչ կարծիքի է Արա Զոհրաբյանն այս առաջարկի վերաբերյալ, Ծովինար Խաչատրյանը պատասխանեց. «Դա բացահայտ ապատեղեկատվություն է: Փաստաբանների պալատի նախագահը հարգում է բազմակարծությունը և բազմիցս դրա մասին հայտարարել է: Ինչ վերաբերում է օրենքով 50 և ավելի փաստաբանների հնարավորություն տալ նոր միություն ստեղծելուն, ապա ՓՊ նախագահը, ՓՊ խորհուրդը և վստահ եմ՝ փաստաբանների մեծամասնությունը դեմ են այդ մոտեցմանը: Հանրային հարթակներում Արա Զոհրաբյանը նշել է, որ չկա դրա անհրաժեշտությունը, ավելին, դա շատ արագ կհանգեցնի փաստաբանության պառակտմանը: Յուրաքանչյուր կիսամյակում, մոտ 60 իրավաբաններ դառնում են փաստաբան: Դա նշանակում է, որ ամեն կիսամյակում կարող է ստեղծվել մեկ առանձին միություն»:

Փաստաբանների մյուս առաջարկին՝ փոխել պալատի կառավարման մոդելը՝ նախագահն ու խորհուրդն իրարից տարանջատվեն, լինեն հակակշիռների մեխանիզմներ, պարոն Զոհրաբյանն, ըստ էության, կրկին դեմ է: Ծովինար Խաչատրյանը փոխանցեց. «Փաստաբանների պալատի՝ այսօրվա կառավարման մոդելը հստակ տարանջատում է պալատի նախագահի ու խորհրդի լիազորությունները և հստակ սահմանել է հակակշիռներ: Բյուջեն հաստատում է խորհուրդը, վերահսկողությունն իրականացնում է խորհուրդը, արտոնագիր տալիս և արտոնագրից զրկում է խորհուրդը: Ընդ որում, պալատի նախագահը չի մասնակցում կարգապահական գործերով խորհրդի նիստերին և չունի որևէ ազդեցություն: Այդ առաջարկը ներկայացնողները խորհրդի ընտրություններում պարտություն են կրել և հիմա իրենց պարտությունը ցանկանում են արդարացնել նոր միություն ստեղծելու կամ նոր կառավարման մոդել սահմանելու առաջարկությամբ»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանին տուգանելու՝ խորհրդի կայացրած վճիռը փաստաբանների կողմից ապօրինի որակելու հանգամանքը ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակն այսպես մեկնաբանեց. «Փաստաբանների պալատի խորհուրդը 25.05.2017թ. մեղավոր է ճանաչել փաստաբան Տիգրան Աթանեսյանին և ենթարկել է կարգապահական տույժի: Կարգապահական վարույթը հարուցվել է 2016թ. դեկտեմբերին Տիգրան Աթանեսյանի հետ պայմանագիր կնքած քաղաքացու բողոքի հիման վրա, ով դժգոհ էր Տիգրան Աթանեսյանի ծառայություններից: ՓՊ խորհրդի որոշումը պետք է հրապարակվի նաև փաստաբանների պալատի կայքում: Եթե ՓՊ խորհրդի որոշումը հիմնավորված կամ օրինական չէ, ապա Տիգրան Աթանեսյանը այն կարող է բողոքարկել դատական կարգով: Ի դեպ, Արա Զոհրաբյանը չի մասնակցել այդ նիստին, քանի որ օրենքի ուժով իրավունք չունի մասնակցել խորհրդի կարգապահական գործերով նիստերին»:

Այն կարծիքներին, թե փաստաբանների պալատն ապագա չունի, տխուր, հիվանդ կառույց է, իսկ փաստաբանների միջև տեղի ունեցող խնդիրները փաստաբանության դեմ պետական պատվեր չեն, այլ Արա Զոհրաբյանի իմպրովիզներն են, Ծովինար Խաչատրյանն արձագանքեց՝ պատճառաբանելով, թե ՀՀ փաստաբանների պալատն ամենակայացած կառույցներից մեկն է ՀՀ-ում՝ ինքնուրույն որոշումներ կայացնող, լեգիտիմ ընտրված ՓՊ նախագահով, խորհրդի անդամներով, որոնք վայելում են իրենց գործընկեր-փաստաբանների հարգանքը և վստահությունը. «Այն, ինչ կատարվում է՝ ուղղված է միայն մի կարևոր արժեքի գիտակցմանը, որ բոլոր փաստաբանները հավասար են, չկան արտոնյալներ և ի զարմանս ոմանց, որևէ մեկը չի կարող շրջանցվել բոլորի համար նախատեսված նորմերը, անգամ գերհայտնի ու գերհանրաճանաչները: Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և մի քանի այլ չընտրված փաստաբաններ, որոնց թվաքանակը մոտ 10-ի սահմաններում է 1857 փաստաբանների կազմում, չեն կարող ամբողջ փաստաբանության անունից դիրքորոշում հայտնել և չեն կարող վարկաբեկել փաստաբանների համայնքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ծովինար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031