Լրահոս
Օրվա լրահոսը

«La boheme»-ը կրկին «կազնավուրացնի» Հայաստանը

Մայիս 27,2017 13:30

Շառլ Ազնավուրին համաշխարհային հռչակը «գտավ» 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ելույթից հետո: Ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան Ազնավուրացված է»: Վիլյամ Սարոյանն էլ պիտի արձագանքեր. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ ու հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ՝ ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»: 1967թ. Հայաստան Ազնավուրի առաջին այցից հետո արդեն կարելի էր ասել, որ Հայաստանն էլ Ազնավուրացվեց:

Շանսոնյեի առաջին՝ «Ես հարբած եմ» (1944թ.) երգից հետո ստեղծած նրա շուրջ 1000 երգերը հեղինակի կատարումից հետո իրենց մեկնաբանմամբ հնչեցրել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Պլասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Շերը, Խուլիո Իգլեսիասը եւ այլ հռչակավորներ: Մինչ օրս Ազնավուրի՝ շուրջ 100 միլիոն ձայնապնակ է վաճառվել:
«Թայմ» հանդեսի հարցման արդյունքում ֆրանսահայ շանսոնյե, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ճանաչվել է Դարի արվեստագետ: Նրան է նվիրված Ազգային օպերային թատրոնում մայիսի 29-ին կայանալիք ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով եւ սցենարով «La boheme» մեկ գործողությամբ ներկայացումը:


«Առավոտի» հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ Ազնավուրին նվիրված ներկայացումը բեմադրված է շանսոնյեի 12 երգերով: Ասաց նաեւ, թե ժամանակակից բալետի լեզվով այդ ներկայացումը բացահայտում է լեգենդար շանսոնյեին, որը կյանքի եւ սիրո ճանապարհին առնչվում է բազմաթիվ խոչընդոտների, սակայն հաղթահարելով դրանք՝ իրագործում սեփական երազանքը, դառնում է աստղ:

Ռեպլիկին՝ փաստորեն, դա շանսոնյեի յուրատեսակ կենսագրականն է, մեր զրուցակիցն ասաց. «Այս բալետը չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը եւ ոչ միշտ արտացոլում նրա երգերի բովանդակությունը, այլ հանդիսանում է նրա կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների մետաֆորային մատուցումը»: Հավելեց նաեւ, թե իր նոր բալետի ստեղծման ոգեշնչման աղբյուրը ինքը՝ Ազնավուրն է, իսկ պարը միջոց է՝ բացահայտելու լեգենդի արվեստի հավերժական ու համամարդկային բնույթը: Գլխավոր դերապարերը վստահված են Գարեգին Բաբելյանին, Անդրանիկ Աբովյանին, Տաթեւիկ Գրիգորյանին ու Կարինե Շիկանյանին: Բեմադրության եւ զգեստների նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը, լուսային ձեւավորման նկարիչը՝ Էդգար Մուրադյանը:
Անդրադառնալով «La boheme»-ին, տեղեկացնենք, որ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն ի պատասխան «Առավոտի» հարցի, թե նոր բեմադրությունը կընդգրկվի՞ խաղացանկում, հավաստիացրեց. «Վստահ եմ, որ «La boheme»-ն կդառնա թատրոնի խաղացանկի հիանալի համալրումը: Բալետի նախաձեռնողը թատրոնն է՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031