Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը

Մայիս 29,2017 19:30

Մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին հրավիրված էր մասնակցելու նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական Արտաքին Գործողությունների Ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի մի շարք տնօրինությունների ներկայացուցիչներ:

Երկխոսությունը կայացավ բաց և կառուցողական մթնոլորտում: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրության և մտահոգության մի շարք հարցեր, անդրադարձան Հայաստանում և Եվրոպական միությունում մարդու իրավունքների իրավիճակին: Արձանագրվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ բարեփոխումների գործընթացում ձեռք բերված առաջընթացը:

Քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում մի շարք օրենքներում իրականացվելիք փոփոխությունների հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի ընթացքը, ընտրական գործընթացներն ու օրենսդրությունը, քաղաքական ազատության, քաղաքացիական ազատություններին և քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր, խտրականությունների դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը, ինչպես նաև երեխաների իրավունքների և գենդերային հավասարության իրավիճակը:

Գործընկերներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և խնդիրներին:

Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցությունը շարունակելու և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, հանրային և միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարևոր նշանակությունը:

Տեղեկանք. Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունը հաստատվել է 2009թ. դեկտեմբերին: Հանդիպումները հաջորդաբար տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Երևանում և Բրյուսելում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031