Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցրեք բնապահպանության նախարարին». Արսեն Հարությունյանը`Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին (Տեսանյութ)

Հունիս 27,2017 15:22

«Ախուրյան գետում ընդամենը երկու օր առաջ ջրի մակարդակը նվազել էր, դա է պատճառը, որ Մյասնիկյանում ջուր չի եղել: Ջրի ուշացումը երկու օր է եղել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվել էին Արմավիրի մարզում, օրերս առաջացած խնդրից, ինչի արդյունքում բնակիչները դուրս էին եկել բողոքի: Նրանք պնդում էին, որ յոթ օր ջուր չեն ունեցել:

«Համայնքի բնակիչների կողմից բարձրացված յոթ օր ջուր չունենալը չի կարող համապատասխանել իրականությանը: Դրանից մեկ ամիս առաջ ես Արմավիրի մարզպետարանում մարզպետի հետ հանդիպում եմ ունեցել համայնքի ղեկավարների հետ: Ես անձամբ բոլոր համայնքի ղեկավարներին խնդրել եմ, որ եթե որևէ համայնք երրորդ օրը ջուր չունենա կապվեք ինձ հետ: Եթե համայնքը յոթ օր ջուր չի ունեցել և համայնքը դուրս է գալիս փողոց, հետևաբար համայնքի ղեկավարի հարցն է դա, ոչ թե իմ: Եվ ինչպես ես ասացի, այդ համայնքում ջուր չի եղել ընդամենը երկու օր»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Սևանա լճից 100 միլիոն խորհանարդ մետր ավելի ջուր բաց թողնելու որոշման մասին: Հարցը կքննարկվի նաեւ խորհրդարանի արտահերթ նիստում:

Արսեն Հարությունյանն ասաց`այս պահին Ախուրյանի ջրամբարում 230 միլիոն խորանարդ մետր ջրի պակաս կա. «Նախորդ տարի այս օրերին Ախուրյանի ջրամբարը ամբողջությամբ լցվել էր եւ թափվում էր: Այսօր մենք Ախուրյանում ունենք 230 միլիոն, Ազատի ջրամբարում 17 միլիոնի խնդիր: Տարին եղել է բավականին ձնառատ, գարնանը ակնկալվող անձրեւները, որոնք պետք է ձյունն ուղեկցի դեպի ջրամբար, չեն եղել: Փոխարենը եղել է արեւ և այդ ձյունը գոլորշիացել է»:

Մանրամասները` տեսանյութում

Լրագրողներից մեկի դիտարկմանը`որ բնապահպանության նախարարը դեմ է եղել որոշմանը, անգամ ուզում էր խոսել, վարչապետը լռեցրեց, Արսեն Հարությունյանը հակադարձեց. «Պարզա, բնապահպանության նախարարությունը պետք է ունենա իր առարկությունները, բայց մեր հիմնավորումները շատ ավելի…»: Նա այդպես էլ չպատասխանեց, թե ինչո՞ւ է նախարարը դեմ արտահայտվել, ի՞նչ է ասել: Ասաց`դիմեք նախարարին, միգուցե ես ինչ-որ մի բան ճիշտ չմեջբերեմ:

Aravot.am-ի հարցին`հաշվի առնվե՞լ են բնապահպանների մտահոգությունները, որ դա կարող է հանգեցնել աղետի, Արսեն Հարությունյանը այսպես պատասխանեց. «Սեւանի լճի մակարդակն ունի շեմ, որից ավելի չի կարող բարձրանալ: Դրանից ավելի բարձրանալու պարագայում ջուրը գալու է մտնի Արփա-Սեւան թունել: Հետեւաբար, մշտական բարձրացում չի կարող լինել: Օրենքում գրված է, որ տարին պետք է փակվի դրական սալդոյով, մենք դրական սալդոն ապահովելու ենք»: Նա վստահեցնում է, Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելը ոռոգման համար է անհրաժեշտ, ոչ թե Արփա-Սեւանը փրկելու: Նաեւ հավաստիացրեց, ջրի պաշարներ կուտակելու համար նախատեսված ջրամբարների շինարարության ծրագիրն ընթացքի մեջ է: Անցած շաբաթ մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը: Այն նախատեսված է կառուցել չորս տարում, հնարավոր է ժամկետից մի քիչ էլ շուտ ավարտվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930