Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի վոլյունտարիստ փիլիսոփա Մարի Ֆրանսուա Պիեռ Մեն դը Բիրա՞ն էլ դատի կտար «Առավոտին»՝ վիրավորվելով նամակագրի բառից

Հունիս 29,2017 15:00

Ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված «վոլյունտարիստ» բառը հայցվորի գնահատմամբ նույնպես պարունակում է վիրավորանք

Լրատվամիջոցների մասնակցությամբ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հերթական դատընթացն անցավ նիստերի դատարկ դահլիճում, միայն կողմերի մասնակցությամբ: Սա նշում եմ միայն այն պատճառով, որ տարեվերջյան ամփոփումների ժամանակ խմբագրությունները հեղեղվում են տարատեսակ հարցումներով, թե ինչ դատական գործընթացներ են եղել, ինչու իրենք իրազեկված չեն եղել, ինչու է «Առավոտը» միայնակ «ճակատամարտել»:
Հունիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց դասախոս Նորիկ Սարգսյանի դեմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաեւ ռեկտոր Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի, Միհրդատ Հարությունյանի հայցապահանջով հրավիրված նախնական դատական նիստը:
Մեր գործընկեր լրատվամիջոցը՝ «Հրապարակը», ներկայացուցիչ չունի դեռ դատարանում եւ նախնական դատական նիստերն անցնում են նրա բացակայությամբ:

Հայցվորների ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանը ներկայացրեց հայցի առարկան, ինչի կապակցությամբ ճշտումներ կատարեց Ն. Սարգսյանի ներկայացուցիչը՝ նրա որդին՝ Դավիթ Սարգսյանը, որը փաստաբան է:

Նշենք միայն մեր լրատվամիջոցում տպագրված «Որտեղ է թաքնված շան գլուխը» վերնագրով ռեկտորին ուղղված բաց նամակի այն արտահայտությունները, որոնք ըստ հայցվորի՝ զրպարտություն եւ վիրավորանք են պարունակել:
Հայցվորի ներկայացուցչի փոխանցմամբ, պատասխանող Նորիկ Սարգսյանի կողմից արված «ՀՊՏՀ-ում խրախուսում են անօրինականությունն ու կեղծիքը, գրագողությունն ու կոռուպցիան» արտահայտությունները զրպարտություն են, քանի որ դրանք վերաբերում են փաստացի տվյալների, չեն համապատասխանում իրականությանը, ներկայացվել են հրապարակային, արատավորում են հայցվորի գործարար համբավը եւ արվել են հայցվորի գործարար համբավը վնասելու նպատակով»:

Հայցվոր կողմը վիրավորական համարեց Լյուբա Մեհրաբյանի մասին նույն բուհի նախկին աշխատակցի գրածը. «ՀՊՏՀ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ապօրինի վարիչ»: Բաց նամակում Ն. Սարգսյանը գրել էր. «2010-2013թթ. Լ. Մեհրաբյանն իր նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք եւ կեղծիքներ…Նա իր տնտեսագետ ընկերուհիներին հատկացնում էր 1, 5 կամ 1,025 դրույք, իսկ ինձ՝ 0,75 կամ 0,25 դրույք, որտեղ վճարը ցածր էր՝ հակառակը»: Պատասխանողը պետք է ապացուցի, որ Լ.Մեհրաբյանը կազմել է կեղծ փաստաթղթեր, իսկ ռեկտոր Կ. Աթոյանն էլ «ֆինանսական եւ ստվերային այլ խախտումներ է կատարել», ինչի արդյունքում, գլխավոր հաշվապահն ու ռեկտորի որդին հրաժարական են տվել:

Հիշեցնենք, որ նամակում նշվել էր, որ Կ. Աթոյանը, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, «պարտադրել է ՀՀ դատական ատյաններին՝ կայացնել անարդար վճիռ եւ որոշում՝ զրկելով իրեն մասնագիտական գործունեությունից»: Հայցվոր կողմը պնդեց, որ ասվածը զրպարտություն է:

«Պարոն ռեկտոր, եթե դուք չվայելեիք Հովիկ Աբրահամյանի հովանավորչությունը, ապա նշված եւ ինձ ոչ հասու ստվերային ֆինանսական այլ խախտումները, հավանաբար, ջրի երես դուրս կգային եւ այժմ գոնե կկանխեին Ձեր՝ ՀՊՏՀ ռեկտոր վերընտրվելու հնարավորությունը»,- գրել էր «Առավոտի» նամակագիրը: Ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված «վոլյունտարիստ» բառը հայցվորի գնահատմամբ նույնպես պարունակում է վիրավորանք:

«Ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը»՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր հայցապահանջում որպես երկրորդ պատասխանող նշել է միայն «Առավոտին», իսկ «Մայր հայցում»՝ նաեւ մեր գործընկեր «Հրապարակին»:
Հայցվոր կողմի ներկայացուցիչը մի դեպքում ներկայացնելով իրենց պահանջը՝ ասաց՝ «Առավոտին» պարտավորեցնել հրապարակել հերքում, մի տեղ էլ ասաց՝ պարտավորեցնել, որպեսզի «Առավոտը» տպագրի վճիռը, ինչն «Առավոտի» ներկայացուցչի կողմից, երբ բարձրաձայնվեց, փաստաբան Ա.Ղազարյանն ասաց՝ «նկատի ունեմ վճռի եզրափակիչ մասը լրատվամիջոցով հրապարակելը»: Հստակեցվեց նաեւ ֆինանսական փոխհատուցման հարցը՝ նոր հայցապահանջով պահանջում էին Նորիկ Սարգսյանից, որի բաց նամակն է տպագրել «Առավոտը», հօգուտ հայցվոր բուհի, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի ոչ թե 2000-ապատիկի չափով գումար, այլ՝ 500 000-ի չափով, նույնը վիրավորանքի դեպքում՝ հազարապատիկի փոխարեն՝ 500 000-ի չափով:

Այս ամենն ասվեց բանավոր, եւ «Առավոտի» խնդրանքով հաջորդ նիստին դրանք կտրամադրվեն գրավոր: Ակնհայտ էր, որ փոխվել էր թե հայցի բովանդակությունը, թե ծավալը, ինչը հայցվոր կողմը չընդունեց, երբ այդ մասին բարձրաձայնեց նաեւ Ն. Սարգսյանի ներկայացուցիչը: Վերջինս նաեւ հայտնեց, որ դատարանին պետտուրքի գումար չի վճարվել, այն դեպքում, երբ հայցապահանջը յոթ միլիոն դրամի չափի է հասել:
Նախնական դատական նիստը կշարունակվի օգոստոսի 31-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930