Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Արցախում նախագահական ընտրությունները շահեկան չեն լինելու Արցախի համար». Ստեփան Սաֆարյան

Հուլիս 06,2017 15:40

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ապրիլյան պատերազմից հետո քարոզչության արդյունքում Ադրբեջանում մտածում էին, թե հայերն են վախենում, ուզում էին հավատալ, որ իրենց ռազմական գործողությունները, պրովոկացիան արդյունավետ են: Բայց հիմա Ադրբեջանում մի տեսակ վախ կա:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանում կատարվածին հայկական կողմը համարժեք պատասխան դիվանագիտական հարթությունում չի տալիս. «Չեմ հիշում մի դեպք, երբ ԱԳՆ-ն համարժեք պատասխան տված լինի: Հիշեք ապրիլյան դեպքերը, Թալիշը, սահմանամերձ գյուղերում կատարվածը, Ռամիլ Սաֆարովի դեպքը: Հիմա հույս էլ չունեմ, որ բացի արձանագրող հայտարարություններից ԱԳՆ-ն որևէ այլ բան ունակ է կամ ցանկանում է անել, քանի որ խնդիրը դիվանագիտության առջև պիտի ձևակերպվի բավականին բարձր` նախագահի մակարդակով: Այնպես չէ, որ դիվանագետներն էլ իրենց նախաձեռնությամբ կամ առավել ևս սեփական մեծ մղումներով պիտի գործեր անեն»:

Պարոն Սաֆարյանը օրինակ բերեց, որ երեկ ադրբեջանցիներն առնվազն երկու խորհրդարանական վեհաժողովում բարձրացրել են այս հարցը, իսկ ի՞նչ են արել հայ պատվիրակները: Ըստ նրա`ամենալավ պատասխանը չէր այն, ինչ ասաց Կորյուն Նահապետյանը, թե եկեք չքննարկենք խնդիրը:

Ամփոփելով թեման` պարոն Սաֆարյանը նկատեց. «Ինչ խորհրդարան ձևավորել են, այդքան էլ ոչ պրոֆեսիոնալ պատասխան են տալիս և անպաշտպան թողնում Հայաստանին միջազգային վեհաժողովներում»:

Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին`պարոն Սաֆարյանը կանխատեսեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կվերարտադրվի: Պարոն Սաֆարյանը ցավով նշեց, թե դրսում լավ իմիջ չի ձևավորվում, որ իշխանության վրա նույն մարդիկ են մնում. «Այս կտրվածքով թերևս այդ ընտրությունները հաստատապես չեն ավելացնի Արցախի ժողովրդավարության վարկանիշն ու առավելությունները` որպես զարգացող ժողովրդավարություն»:

Aravot.am-ի հարցին` Արցախում ստեղծվա՞ծ են ազատ արդար ընտրությունների անցկացման նախապայմանները`ազատ մամուլ, բազմակուսակցական համակարգ, ՀԿ-ներ, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Քաղաքացիական հասարակություն ինչ-որ չափով կա, բայց շատ թույլ է, սրան էլ գումարենք արցախյան պատերազմը և այն, որ այսօր էլ դրա վերսկսման ռիսկերը կան, օբյեկտիվ առումով զսպում են ժողովրդավարության լիակատար զարգացումն Արցախում, քանի որ արտաքին վտանգի դիմակայումը շատ ավելի առաջնային է համարվում: Գաղափարների, ծրագրերի բանավեճեր չենք տեսնում, այլ բոլոր ուժերի կոնսոլիդացիա ենք տեսնում ընդդեմ մարտահրավերը հաղթահարելու, որի պատճառով քաղաքական մրցակցություն իրականում տեղի չի ունենում: Սա է պատճառը, որ ղարաբաղյան իշխանությունները մնացել են առանց այլընտրանքի, և իշխանության մեջ լինելու խնդիրը բավականին դյուրին է լուծվում, բայց հաստատապես դրսի հայացքով դա շահեկան չի լինելու Արցախի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31