Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ հայ դերասանը «բժշկում» է հեքիաթների միջոցով (Ֆոտոշարք)

Հուլիս 07,2017 14:00

Լոս Անջելեսի «Հեքիաթն է կանչում» մանկապատանեկան թատերախումբը, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը, հայրենիքում առաջին անգամ 2001թ. ներկայացավ «Հայ մնալու գաղտնիքը» մյուզիքլով, որի միջոցով փոքրիկ հանդիսատեսը «թերթեց» մեր պատմության էջերը քրիստոնեության ընդունումից մինչեւ Հայկ Նահապետ, Տիգրան Մեծ…, հայկական ֆոլկ երաժշտությունից մինչեւ կոմիտասյան «Գութանի երգ»…

Օրերս էլ թատերախումբը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացավ «Երազանքի մոլորակ» մյուզիքլով, մասնակցությամբ հայաստանյան «Անի Արմ» պարային դպրոցի (ղեկավարներ՝ Ա. Աղաջանյան, Հ. Ղուլյան): Այս բեմադրությունը մի փոքրիկի մասին է, որը ընտանիքում անուշադրության է մատնված, անընդհատ լսում է «չի կարելի» արտահայտությունը… Նա երազում հայտնվում է իր երազանքի մոլորակում…
Թատերախմբի՝ մեզ ներկայացրած երկու բեմադրություններում էլ ամեն ինչ ուղեկցվում է Հրաշագործի թեթեւ ձեռքով: Իսկ այդ կերպարում է Մայր թատրոնի նախկին դերասան, «Հեքիաթն է կանչում» թատերախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, պրոդյուսեր Գեւորգ Ավետիսյանը:

«Երազանքի մոլորակ»

Թատերասերները դերասանին կմտաբերեն 1980-ականներին Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս» բեմադրության մեջ (ռեժիսոր՝ Մ. Մարտիրոսյան) Օլեգի գլխավոր դերակատարմամբ, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ Քերուբինի կերպարում, Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամերը» դրամայում լրագրավաճառի դերում եւ այլն: Բայց հայաստանյան գործունեության ընթացքում սա դեռ ամենը չէ, հիշում ենք նաեւ «Թատրոն անիվների վրա» էքսպերիմենտալ թատերախմբի կարճատեւ գործունեությունը, որը դերասանը հիմնել էր երջանկահիշատակ ռեժիսոր Ռաֆայել Մուրադյանի հետ, իրականացրել էր հեղինակային երգի մի քանի փառատոներ: Ընդ որում, այս ամենն այսօր արդեն գետնին հավասարեցված Երիտասարդության պալատում, որն ուներ 1500 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ: Գեւորգ Ավետիսյանը՝ լինելով բնույթով հեղափոխական արվեստագետ, իր գործունեությամբ ու համախոհներով պալատի 4-5 բարերը վերածեց երիտասարդական ակումբների, նախաձեռնեց Հայաստանում առաջին անգամ անցկացնել գեղեցկության մրցույթ, բայց վրա հասավ երկրաշարժը:

«Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Ավետիսյանը հատուկ շեշտեց, թե երբեք չի մտածել հայրենիքից հեռանալու մասին, բայց հետո էլ փաստեց, թե այլ կերպ չէր կարող, քանի որ բնության արհավիրքով Հայաստանում սկսվեց անմշակույթ մի շրջան, եւ ինքը ստիպված 1990թ. մեկնեց Լոս Անջելես: «Առաջին մեկ-երկու տարիներին տարբեր աշխատանքներով զբաղվեցի, բայց մտքումս արվեստն էր, այն էլ՝ միմիայն աշխատանքը երեխաների հետ: Գերնպատակս էր մանուկ հասակից երեխային խոսքի, երաժշտության միջոցով պահել հայկական միջավայրում: Ես դիմեցի հեքիաթին եւ որոշում կայացրի այն համեմել երաժշտությամբ: Առաջին շրջանում բեմադրեցի հայտնի «Շունն ու կատուն», «Չարի վերջը», «Մի կաթիլ մեղրը», հետո իմ սցենարով՝ «Հայոց այբուբենի վերածնունդը» մյուզիքլները: Երաժշտության մասով ու գործիքավորումներով ինձ օգնել է ճանաչված ջազմեն Արտաշես Քարթալյանը, համագործակցում եմ կոմպոզիտոր Կարեն Մարգարյանի հետ: 2016թ. նրա «Միլիոն կյանքեր» երգի տեսահոլովակում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, աշխարհի հայտնի դեմքեր են՝ Շառլ Ազնավուրից մինչեւ Մոնսերատ Կաբալյե, Սպիվակով, Միքայել Պողոսյան եւ այլն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ այսօր թատերախմբում ընդգրկված է 4- 18 տարեկան շուրջ 100 երեխա ու պատանի: Ասաց նաեւ, որ մասնակցում են տարբեր փառատոների: Հիշեց 1998 թվականը, երբ իսպանացիների, հրեաների, հույների եւ այլ ազգերի հետ ամերիկացիների նախաձեռնությամբ Ford թատրոնում ներկայացրել են 15 րոպե տեւողությամբ «Դարերից եկող, դարեր գնացող հայ ժողովուրդ» բեմադրությունը՝ Արա Գեւորգյանի երաժշտությամբ ու իրենց շնորհվել է «Օրիգինալ ելույթ» մրցանակը:


Անդրադառնալով «Երազանքի մոլորակին», Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ այս մյուզիքլը Երեւանում ցուցադրելու հարցում իրենց օգնել է «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Իր բոլոր բեմադրությունների օրինակով ավանդաբար ընդունելով Հրաշագործի դերը, ասաց. «Ես, կինս՝ Մարիցա Տոնապետյանը, որն իմ օգնականն է, հագուստների դիզայները, փոքրիկ դերասաններին երգերի ուսուցանողը եւ այլն, համոզված ենք, որ քաղցկեղը բուժվում է: Երեխաները թող ապրեն առողջ, որ դառնան հասարակությանը լիիրավ անդամ»:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.07.2017
Գլխավոր լուսանկարումё Գեւորգ Ավետիսյանն
ու Մարիցա Տոնապետյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31