Լրահոս
Օրվա լրահոսը

Բերանից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր թմրամիջոց

Հուլիս 07,2017 15:00

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Զաքարյանն անցյալ տարի նոյեմբերի ութին գտնվում էր ծառայության մեջ: Դատապարտյալին տեսակցության եկածի բերանը փոքր-ինչ փքված էր, ինչը կասկածի տեղիք է տվել: Օպերատիվ աշխատողների հետ, երբ անձնական խուզարկության է ենթարկել դատապարտյալի ծանոթին, բերանի խոռոչից հայտնաբերվել է «կասկածելի փաթեթը»: Այդ ժամանակ արձանագրվել է մեկ գրամ:

Գյումրիի բնակիչ Գագիկ Մանուկյանը կալանավորվել է անցյալ տարվա նոյեմբերի 22-ին:
Նա այցելել էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սեւակ Զադիկյանին, նախապես ձեռք բերելով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Ըստ քրեական գործի նյութերի, նրան մեղադրանք էր առաջադրվել 0, 02 գրամ թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքի առթիվ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է այս գործով դատաքննությունը եւ Գագիկ Մանուկյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Թմրամիջոցը վերադարձվել է մարզի քննչական վարչությանը:

Դատական քննության ժամանակ Գագիկ Մանուկյանն իրեն մեղավոր էր ճանաչել: Նա հայտնել էր, որ երեք տարի առաջ իր համար ձեռք է բերել նշյալ թմրամիջոցը:
Երբ անցյալ տարի գնացել է իր ծանոթ դատապարտյալին կարճատեւ տեսակցության, պատահական հիշել է, որ երեք տարի առաջ ձեռք բերված թմրամիջոցը տաբատի գրպանում է մոռացել, այն անմիջապես դրել է բերանը: Տեսակցության ժամանակ նրան ենթարկել են անձնական խուզարկության: «Հա, բայց բերանս եմ դրել, որ գրպանիցս չընկնի, ինչ վատ բան կա»,- ասել էր կալանավորվածը:

Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժանմունքի առաջատար մարսնագետ Վահրամ Վարազյանն էլ նկարագրել էր հայտնաբերվածը՝ այն թափանցիկ պոլիէթիլենով, կպչուն ժապավենով փաթեթավորված էր:

Երբ հայտնաբերվել է թմրամիջոցը, կազմվել է արձանագրություն, որի տակ ստորագրել են ընթերակաները:

Ըստ թմրամիջոցների քրեագիտական փորձաքննության եզրակացության, օվալաձեւ կոտրված սպիտակ գույնի դեղահաբերը մեկ գրամ էին, եւ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց էր:

Ի դեպ, կալանավորվածը մինչ այդ էլ հոկտեմբերի քսանհինգին այցելել էր Սեւակին՝ համաձայն տեսակցությունների, հանձնուքների, փաթեթների եւ ծանրոցների հաշվառման քարտի:

Դատաքննության ժամանակ պարզվեց, որ Գագիկը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերում, եւ որ տառապում է ափիոնային եւ կանաբինոիդային թմրամոլության դադարի շրջանում ախտորոշմամբ, եւ նարկոլոգիական բուժման կարիք չունի:

Դատարանն, այնուամենայնիվ, հաստատված չի համարել Գագիկ Մանուկյանի կողմից թմրամիջոցն իրացնելու մեղադրանքը: Ըստ դատավոր Հ. Մովսիսյանի. «Նախաքննությամբ ձեռք բերված եւ դատաքննությամբ հետազոտված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում Գագիկ Մանուկյանի մեղավորությունը ՀՀ քրօր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքը կատարելու մեջ, չի ներկայացվել որեւէ փաստական տվյալ ինչպես իրացման նպատակի առկայության, այնպես էլ իրացման վերաբերյալ:
Այսինքն՝ բոլոր ապացույցներն իրենց համակցությամբ հիմնավորում են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու փաստը, սակայն դրանք իրացման նպատակի կապակցությամբ, որեւէ տեղեկություն չեն պարունակում, իսկ ամբաստանյալի ցուցմունքում առկա տեղեկություններ՝ իր օգտագործման համար ձեռք բերած լինելու եւ այդ օրը մոռացության պատճառով իր մոտ գտնված լինելու վերաբերյալ, հերքող որեւէ ապացույց չի ներկայացվել»:

Դատարանն անձը բնութագրող հանգամանք է համարել միայն այն, որ կալանավորը երրորդ խմբի հաշմանդամ է:

Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին՝ կալանավորմանը, դատարանը կալանավորումը թողեց անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31