Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեղք չենք, դուք եք մեղք». «Սասնա ծռերն» ու պաշտպանները կրկին վիճեցին դատավորի հետ

Հուլիս 27,2017 15:10

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպանների՝ իր դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է:

Այնուհետեւ շարունակվեց ամբաստանյալների պաշտպանների ներգրավման գործընթացը: Հետո ընթացակարգը հասավ նրանց իրավունքների եւ պարտականությունների ներկայացմանը:

Դատավորն ընդառաջեց պաշտպաններից Հարություն Բաղդասարյանի խնդրանքին եւ ամբաստանյալներին դատարան բերել տվեց ոչ թե մեկ -մեկ, այլ բոլորին միանգամից:

Իրավունքներն ու պարտականությունները ներկայացնելուց հետո դատավորն ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ իր դեմ բացարկի միջնորդություն ունե՞ն: Ամբաստանյալները միաձայն ասացին, որ՝ «այո»:

Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանն ընդհատեց դատավորին, ասելով՝ «ո՞ւր է իմ պաշտպան Մուշեղ Շուշանյանը»: Հիշեցնենք, որ Շուշանյանը քանի նիստ է՝ ներկա չէ, քանի որ, ըստ իր պնդման, դատարանի կարգադրիչներն իրեն ոչ թե զննում են, այլ խուզարկում: Դատավորը, սակայն, ասաց, թե նա չի ցանկանում ներկայանալ, ինչն առաջացրեց ամբաստանյալների եւ մյուս պաշտպանների դժգոհությունը:

«Ամբաստանյալներին բերում ենք, բայց նրանք հետեւություններ չեն անում ու դատավորի գալուն պես ոտքի չեն կանգնում: Կիրառում եմ բոլորի հանդեպ սանկցիա՝ նախազգուշացում: Պարոն Լիպարիտ Սիմոնյան, չորս նիստ է՝ չեք գալիս, հետո էլ ասում եք, թե ամբաստանյալներին տանում-բերում ենք անընդհատ էս շոգին, մեղք չե՞ն»,-նկատեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Մարտիրոս Հակոբյանը, հայտնի որպես «Դեդ», տեղից միջամտեց. «Մենք մեղք չենք, դուք եք մեղք»:

Փաստաբաններից Հրանտ Գեւորգյանի նյարդերն էլ տեղի տվեցին, նա բղավեց դատավորի վրա, ինչի համար նախազգուշացում ստացավ: Դատավորն ասաց, որ եթե նա շարունակի տեղից խոսել ու ընդհատել, սանկցիա կկիրառի: «Ինչքան ուզում ես՝ կիրառի»,-կրկին բղավեց Հրանտ Գեւորգյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին ընդհատեց նիստը՝ Հրանտ Գեւորգյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31