Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկվածի մորից գումար շորթելու մեջ մեղադրվողը պնդում է՝ իրեն գումար չեն տվել

Օգոստոս 03,2017 16:37

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի մորից գումար շորթելու մեջ մեղադրվող  Թերեզա Սարգսյանը (լուսանկարում) հերքում է, թե իրեն գումար են տվել:

Նրա պատմելով՝ ինքը 2011 թվականին գնացել է բուժական մերսումների Վարսիկ Մկրտչյանի մոտ, վերջինս Էդուարդ Գրիգորյանը մոր մտերիմ ընկերուհին է եղել: Մի օր վերջինս դիմել է իրեն խնդրանքով, թե մի ընկերուհի ունի, որի տղան ազատազրկման է դատապարտված եւ հարկավոր է ՀՀ նախագահին համաներման խնդրանքով դիմում գրել:

«Ասաց՝ շուտով՝ սեպտեմբերի 21-ին համաներում պետք է լինի, կարո՞ղ ես համաներման դիմում գրել, ասացի՝ վճիռը կբերես, կգրենք: Հաջորդ մերսման ժամանակ վճիռ չբերեց, բերեց փաստաբանի կողմից արված նշումներ, տեսա՝ հոկտեմբերի 27-ի գործ է, շպրտեցի սեղանի վրա, ասի՝ ձե՞ռ ես առել, հոկտեմբերի 27-ի գործով ո՞նց կարելի է, գրեմ էլ, համաներում չի կիրառվի: Ինքն ասաց՝ ինչո՞ւ ես ինձ մերժում, իմ ընկերուհին է, խնդրում եմ՝ դու գրի, ազատելը քո վրա չէ, քո վրա գրելն է»,- Aravot.am-ին պատմեց Թերեզա Սարգսյանը:

Ըստ նրա, Վարսիկ Մկրտչյանը Վարդգես Դավթյանի կինն է, վերջինս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմում է աշխատել: Տիկին Սարգսյանի պատմելով՝ իրեն մերսող տիկին Մկրտչյանն իր բոլոր հաճախորդների մոտ հպարտացել է, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանին բուժող բժիշկն է. «Դա ոչ միայն ես եմ ասում, այլ իր հետ բոլոր շփվողները: Նա երբեւէ չի թաքցրել, առիթ էլ չի եղել, ասել է: Ես էլ այդ վստահությամբ, որ նա առաջին նախագահին բուժող բժիշկն է եղել, նրա մոտ էի գնում մերսման»:

Թերեզա Սարգսյանը Վարսիկ Մկրտչյանի խնդրանքով գրել է պահանջվող դիմումը. «Ասացի՝ մեկ է չեն ազատելու, դրա մոր արգանդը չորանա, պարզվեց այդտեղ էր նաեւ Էդիկի մայրը»:

Տիկին Սարգսյանի խոսքով, վերջինիցս ներողություն է խնդրել իր ասածի համար ու նա հեռացել է. «Երբ Թերեզա Օհանյանը գնաց, Վարսիկն ինձ ասաց՝ ինչո՞ւ ես նման բան ասում, այ եթե պետությունը խաբած չլիներ Էդիկ Գրիգորյանին, իր մայրը հիմա պետք է լիներ առողջապահության նախարար, ես էլ պետք է լինեի բուժվարչության պետ, քո նման լրագրողներն էլ մեր դեմ պետք է վազվզեին: Հիմա որ այդ տղեն խաբվել է՝ ո՞վ է մեղավոր»:

Դիմումը գրելուց հետո, ըստ Թերեզա Սարգսյանի, իր ու Վարսիկ Մկրտչյանի շփումը կտրվել է. «Վեց տարի անցավ, քառօրյա պատերազմի ժամանակ մեկնել էի Արցախ, երբ ԱԱԾ-ից զանգեցին, հրավիրեցին հարցաքննության, վերադարձել եմ Երեւան, հաջորդ օրը ԱԱԾ-ում տեղեկացել՝ ինչի մասին է խոսքը: Իրենք գրել էին, որ 2013 թվականից մաս-մաս Թերեզային տվել ենք այսքան գումար, ես ասացի՝ զանգեմ տուն, թող դիմումը բերեն, տեսնեք՝ որ ես համաներման խնդրանքով դիմումը գրել եմ 2011 թվականի սեպտեմբերի սկզբներին… Հետո իրենք ասացին՝ վայ, տարեթիվը շփոթել ենք»:

Թերեզա Սարգսյանը պնդում է՝ Էդուարդ Գրիգորյանի մորը՝ Թերեզա Օհանյանին չի ճանաչում, վերջինս էլ իրեն. «Ինչպես նա կարող էր անծանոթ մարդու գումար տալ… Հետո՝ գործի ընթացքում համոզվեցի, որ այդ կնոջ կողմից գումար է դուրս եկել, Թերեզա Օհանյանը գումար է տվել Վարսիկին, դա ակնհայտ երեւում է քրեական գործում: Երբ դատարանում հարցրի Թերեզա Օհանյանից՝ ինչ վստահություն ունեք, որ դուք գումարը տվել եք Վարսիկին, նա տվել է ինձ, ասաց՝ ես իրեն հավատում եմ»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Թերեզա Սարգսյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՀՀ կառավարությունը քայքայելու նպատակով՝ Նաիրի Հունանյանի խմբում ընդգրկված և 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճի վրա հարձակում գործած, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի մորը՝ Թերեզա Օհանյանին, 2012 թվականի օգոստոս ամսին նրանց ընդհանուր ծանոթ՝ Վարսիկ Մկրտչյանի միջոցով վստահեցրել է, որ կարող է կարգավորել որդուն ՝ ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու հարցի լուծումը, ինչի դիմաց պահանջել և 2012 թվականի օգոստոսից մինչեւ հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Թերեզա Օհանյանից մաս-մաս ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031