Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյան. «Եղել է` մեկ լամպով ենք ներկայացում խաղացել» (Տեսանյութ)

Օգոստոս 09,2017 13:34

Օգոստոսի 9-ին «Հայացք» մամուլի ակումբում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը եւ թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանը խոսեցին թատրոնի առաջիկա անելիքներից, թատրոնի նոր շենքի ճարտարապետաշինարարական նախագծի աշխատանքների մեկնարկից:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ մշակույթի նախարարը փետրվարի 15-ին էր իրենց հանձնել տարածքի «ոսկե բանալին», իսկ սեփականության վկայականը օրերս են ստացել: Ինչ վերաբերում է շինարարությանը, պարոն Դադասյանի խոսքով, այն ենթադրում է մի շարք մրցույթներ, ամենակարեւորն այն է, որ արդեն գործընթացի մեջ են:

«Վստահ ենք, որ դա լինելու է մի շատ գեղեցիկ շենք, նախագիծն անպայման կդնենք հրապարակային քննարկման, որպեսզի բոլորը մասնակից լինեն, քանի որ բոլորի ցանկությունն էր, որ Մնջախաղի թատրոնը տարածք ունենա»,- հայտնեց գեղարվեստական ղեկավարը:

Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ մրցույթը շահած «Տեխնոշին» ընկերությունը առնչվել է մի խնդրի, որը վերաբերում է շենքի ամրությանն ու ամրակայմանը.շենքի առաջին երկու հարկերը դատարկ են, նախկինում տպարան է եղել, երրորդ հարկը պետք է թատրոն դառնա:

Թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանը խոսեց «Մշակութային կանգառ» նախագծին նջախաղի թատրոնի ընդգրկվելուց. «Ինտենսիվ աշխատանքներ են գնում թատրոնների կողմից, եղել է, որ մենք ընդամենը մեկ լույսով ենք ներկայացում խաղացել: Սեպտեմբերին երկու այցելություն կա` Վայոց ձորի մարզ: Մշակութային կանգառի շրջանակում այցելել ենք նաեւ Եղվարդ, Աբովյան, Մարալիկ եւ Արթիկ: Իմիջիայլոց մեզ համար ավելի հեշտ է հյուրախաղ ունենալ արտասահմանում, քան Հայաստանի որեւէ մարզում»:

Ժիրայր Դադասյանը շարունակելով նրա խոսքն՝ ասաց. «Որպեսզի որեւէ գյուղում կարողանաս ներկայացում խաղալ, մի երեք անգամ պետք է գնաս ու գաս, համոզես, որ այդ մարդիկ սիրում են թատրոն: Իմիջիայլոց, մարզերում ֆանտաստիկ հանդիսատես կա: Օրինակ, հենց Արթիկում խաղացինք «Գիրք ծաղկանցը»: Խաղացինք մեկ լամպով: Բայց հանդիսատեսն ինչքա~ն տպավորված էր, դուք տեսնեիք, թե ոնց էին քննարկում ներկայացումը»:

Բանախոսները տեղեկացրին, որ աշնանը հրավերներ ունեն «դրսի» փառատոներից: Ինչ վերաբերում է հայաստանյան միջախաղի փառատոնին, Ժիրայր Դադասյանն ուրախությամբ փաստում է, որ արդեն հաջորդ տարվա մասնակցության համար հայտեր են ստանում: «Մնջախաղն էլ մարմնի երաժշտություն է ու թարգմանության կարիք չունի: Օտարերկրացիները կարող են հանգիստ իրենց մշակույթը ներկայացնել Հայաստանում»,- հավելեց նա:

Ժիրայր Դադասյանը կարեւորեց նաեւ թատրոնում ժամանակավրեպ չլինելը, ասաց, որ դեմ է դպրոցներին, պահպանողականությանը. «Ես չեմ ընդունում, որ ասում են`այսինչի ու այնինչի դպրոց»:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոստացավ, որ իրենց նոր շենքում գործելու է ազատ բեմի գաղափարը եւ մեծ տեղ է տրվելու երիտասարդներին, մի բան, որ տիկնիկային թատրոնում անում է Ռուբեն Բաբայանը:

Մանրամասները՝  տեսանյութերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ Սաֆարյան says:

    …Ու այսօր չորը թացի հետ խառնած <> մեր կառավարությունը Մնջախաղի թատրոնի վերակառուցման համար քափ-քրտինք մտած չի խնայում ոչ մի քոռ կոպեք և պատրաստակամ 209 մլն. դրամ վերակառուցման ու նախագծի մշակման համար ՝ 7 մլն. 315 հազար դրամ ծախ է անելու ազգիս գրպանից։
    Երբ այդ գումարների ընդամենը 1/3 մասը հաստատ կբավարարեր Հայաստանի ազգային գրապալատը չմատաղելու, այլ հայ մշակույթի եզակի տեսակը փրկելու, պահպանելու և ընդամենը վերանորոգելու համար …Դե եկ Վարդապետ ու մի խենթանա…
    … ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N1204-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն 95-ամյա Տոմարագրության պալատ- Հայաստանի ազգային գրապալատ … բաշ ընդ բաշ կիսվեց-բաժանվեց շակալների մեջ ՝ Տոմարագրության պալատ-գրապալատի 1917- 2017թթ տպագիր մշակութային ժառանգությունը ՄՇ փոխնախարար Ներսես Տեր- Վարդանյանի ձեռքով ու <> փայ հասավ Ազգ. գրադարանին, իսկ տարածքը՝ ՄՇ Նախարարի օրհնանքով՝ 1974 թ․ստեղծված և ընդամենը 1983 թ պետական կարգավիճակ ստացած Մնջախաղի թատրոնին …
    Հ. Գ. Բոլոր ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը հարուստ է մնջախաղի տարրերով։Այսինքն այն, ինչ այսօր արվում է Մնջախաղի թատրոնում կոչվում է թատրոն թատրոնների մեջ, մնջախաղը Հայաստանում որպես թատրոնատեսակ, ընդամենը թատերական, էստրադային, կրկեսային ժանր է՝ ոչ ավել ու ոչ էլ պակաս մի բան…
    Մատենագիտությունը՝ բիբլիոգրաֆիան գիտության հիմնարար ճյուղերից է, որը գրեթե մեկ դար զարգացել ու իր ճյուղերն էր տվել մատենագրության և մատենագիտության միակ և մեկ դարյա կենսագրություն ունեցող Տոմարագրության պալատ- Հայաստանի ազգային գրապալատում:
    ՍԹԱՓՎԵՔ ՄՆՋԱԽԱՂՈՎ ՀԻԱՑԱԾ ՎԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ…ԱՄՈԹ Է ՄՆՋԱԽԱՂԵՔ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031