Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը

Սեպտեմբեր 01,2017 10:31

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ԲՈՒՀ-երի և դպրոցների պատասխանատուներին, դասախոսներին և մանկավարժներին, ուսանող և դպրոցական Մեր զավակներին՝ Գիտելիքի, գրի, դպրության օրվա և նոր ուսումնական տարվա առիթով:Սքանչելի և մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը:

Մեր ժողովուրդը դարերի մեջ, անգամ աղետալի ժամանակներում, արժևորել է ուսումը, վառ պահել իմացության սերը և իր կրթօջախների լույսը: Արդարև, ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները: Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատությունները հայրենիքում և սփյուռքում օրեցօր զորանան և առավել արդյունավորեն իրենց առաքելությունը՝ կրթելով մեր զավակներին համակողմանի իմացությամբ, հավատավոր ու հայրենասեր հոգով, որպեսզի կարող լինեն նորարարությունների, ստեղծագործական սլացքների և շարունակեն քրիստոնյա մեր ժողովրդի ներկայությունը աշխարհում, որ թեպետ փոքրաթիվ, բայց իր ստեղծածով միշտ համեմատվել է մեծերի հետ:

Մեր գնահատանքն ենք բերում կրթության գործի պատասխանատուներին, դասախոսներին ու մանկավարժներին՝ բարեջան ու նախանձախնդիր գործունեության համար: Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր, չթերանան իրենց պարտականություններում, որ ամուր հիմքերով սկզբնավորվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր հայրենիքի ու ժողովրդի:Աղոթք ենք բարձրացնում, որ Աստված օրհնի ջանքերը կրթության նվիրյալների և քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին: Օրհնյալ ուսումնական տարի, առատ արդյունքներ ու բարի վաստակ:

Ամեն:

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930