ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Սեպտեմբերի 1-ի առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոց: Ողջունելով դպրոցականների նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ երկրի ապագան կերտվում է դպրոցում և հայ ժողովուրդը դարերով ապացուցել է իր բացարձակ նվիրվածությունը կրթությանն ու դպրոցին. «Փոքր գյուղական դպրոցները, որի լավագույն մոդելը Ծաղկունքի բաց դպրոցն է, մեր երկրի ամրությունն են, որովհետև այստեղ կրթվում և ձևավորվում են մեր քաղաքացիները: Ծաղկունքի դպրոցը հաջողված օրինակ է. այն իր վրա է վերցրել ոչ միայն կրթության կազմակերպման գործառույթը, այլ նաև համայնքում մշակութային միջավայր է ձևավորում: Դուք, սիրելի երեխաներ, դպրոցում ստեղծված միջավայրի հետ առնչվելով, նոր մշակույթ եք տանում ձեր ընտանիքներ: Սա այն դեպքն է, երբ դպրոցն ու կրթական միջավայրը փոխում են ընդհանուր տրամադրությունը. գյուղն ու գյուղի բնակիչը այս դպրոցում առնչվում են իրենց կյանքում բացակայող բազմաթիվ կարևոր համակարգերի հետ՝ արվեստ, գեղարվեստական կրթություն»,- նշել է ԿԳ նախարարը:

Օգտվելով առիթից նախարարը նաև շնորհակալություն է հայտնի Ծաղկունքի դպրոցի բարերարներին՝ Աղաջանյանների ընտանիքին, ովքեր աջակցում են Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այցելել է Երևանի թիվ 132 դպրոց: Այս ուսհաստատության տնօրինությունը նախօրեին դիմել էր դպրոցի ծնողներին՝ խնդրելով, որ եթե սեպտեմբերի մեկի առթիվ վերջիններս նախատեսել են ծաղիկներ նվիրել, ապա այդ գումարը տրամադրեն 5-ամյա Անահիտի բուժմանը: Ընդառաջելով տնօրինության խնդրանքին՝ թիվ 132 դպրոցի ծնողները <Կյանք՝ ծաղիկների փոխարեն> նշանաբանի ներքո այսօր մեկ միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար դրամ են նվիրաբերել փոքրիկ Անահիտին՝ վերջինիս մաղթելով շուտափույթ ապաքինում:
ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ներկաներին շնորհավորելով Գիտելիքի և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, կարևորել է նման նախաձեռնության անցկացումը. «Դրամահավաքը և նվիրատվությունը տարբեր բաներ են: Պետք է բոլորի մեջ սերմանել կողքինին օգնելու, միմյանց աջակցելու ցանկություն: Այս հարցում շատ կարևոր է կամավորության սկզբունքը»,-նշել է Դավիթ Սահակյանը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցին, երեխաներին և ծնողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Երևանի թիվ 97 ավագ դպրոց: Նախարարի տեղակալը, շնորհավորելով բոլոր ներկաներին, վերջիններիս մաղթել է արդյունավետ և բեղմնավոր աշխատանք նոր մեկնարկած ուսումնական տարում: Մանուկ Մկրտչյանը նաև «Բաց դաս» է անցկացրել դպրոցի 12-րդ դասարանի սովորողների համար` կարևորելով գիտելիքի նշանակությունը ժամանակակից աշխարհում:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն


















































