Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կառավարությունը հրաժարվում է սահմանին ԱԱՀ գանձումից. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 06,2017 11:17

Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը հանդես է եկել մի շարք ապրանքատեսակների ներկրման ժամանակ սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից հրաժարվելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը եւ ստացել տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Առաջարկվում է արտադրության կազմակերպման նպատակով բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների, բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող եւ հումքային ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ¬ից։ Դա անշուշտ կարեւոր քայլ կլինի տեղական արտադրողին օժանդակելու առումով։ Ակնկալվում է, որ այն կկիրառվի տարեսկզբից։

Որքան էլ վերջին տարիներին ներդրումային ծրագրերի շրջանակներում գործարարներին տրվում է ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման երեք տարվա ժամկետ, այնուհանդերձ կառավարությունը դա այլեւս բավարար չի համարում։

-Շատ հաճախ հետաձգված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը լրանում է այն ժամանակ, երբ տնտեսավարող սուբյեկտը դեռ հնարավորություն չի ունեցել թողարկել արտադրանք, կուտակել բավարար շրջանառու միջոցներ՝ հարկային պարտավորությունները մարելու համար,¬ահա այս հիմնավորմամբ էլ կառավարությունը դիմել է Ազգային ժողով՝ առաջարկելով ընդունել ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը։

Անկախ նրանից, թե այս հիմնավորումը որքանով է պատճառաբանված, փաստ է, որ սահմանին ԱԱՀ գանձումից թեկուզ մասնակի հրաժարումը, էական տնտեսական ու ֆինանսական նշանակություն ունի արտադրողների համար։ Արտադրական գործունեությունը չսկսած՝ նրանք ստիպված են լինում շրջանառությունից հանել մեծ գումարներ՝ սուղ ֆինանսական հնարավորությունների պայմաններում։

Չնայած դրան, սահմանին ԱԱՀ գանձման գործելակերպը Հայաստանում գործում է երկար ժամանակ։ Այդ ընթացքում բազմիցս անդրադարձ է կատարվել խնդրին, սակայն հարկային թույլ վարչարարության, բյուջետային դժվարություններով եւ ռիսկերով պայմանավորված՝ փորձ չի արվել հրաժարվել տնտեսական գործունեության համար ոչ նպաստավոր այդպիսի մոտեցումից։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930