Այս օրերին Սևանում իրականացվող աշխատանքներին` փողոցների, բակային տարածքների բարեկարգում, գիշերային լուսավորության ցանցի շահագործում, շենքերի ջրագծերի, կոյուղագծերի հիմանորոգում, զուգահեռ ընթացքի մեջ են 4 մեծամասշտաբ ծրագրեր, որոնք ունեն համայնքապահպան նշանակություն:
Ծրագրերից առաջինն իրականացվում է Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզում: Մանկապարտեզի շենքը շահագործման է հանձնվել 1971թ-ին: Անցած տասնամյակների ընթացքում թեև մանկապարտեզում իրականացվել են վերանորոգման և կոսմետիկ աշխատանքներ, սակայն դրանք չէին կարող լուծել շենքային բազմաթիվ խնդիրները, որոնք իրենց զգացնել էին տալիս ամեն քայլափոխի:


«Զարթոնք»-ը գտնվում է քաղաքի խիտ բնակեցված թաղամասում, և հիմնանորոգման անհրաժեշտությունը դարձել էր օրախնդիր:
«Զարթոնք»-ին նոր զարթոնք ապահովելու համար մանկապարտեզը ներառվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում:
1050քմ տարածք ունեցող մանկապարտեզի մասնաշենքերն ամբողջապես կհիմնանորգվեն. արդեն կատարվել են շենքի հիմքի ամրացում, ներսի ու դրսի պատերի ուժեղացում, հիմնանորոգվել է տանիքը, շենքում կտեղադրվեն արևային մարտկոցներ, որն էլ կապահովի տաք ջրի մշտական առկայությունը, ամբողջապես փոխվելու են ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման ներքին ցանցերը, իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ: Նախատեսված է նաև գույքի և բակային խաղամիջոցների տրամադրում:
Ծրագրի արժեքը 215մլն. է, որից 15մլն.-ը` համայնքային ներդրում: Հիմնանորոգումից հետո մանկապարտեզի շենքային և բակային պայմանները լիովին կբարեփոխվեն` համապատասխանելով ժամանակակից չափորոշիչներին:
«Զարթոնք»-ում կիրականացվի նաև ներառական կրթություն:
Եվս մի քանի ամիս, և սևանցիներն ու նրանց փոքրիկները կստանան երկար սպասված նվեր` հիմնանորոգված նախադպրոցական ուսումնական հաստատության տեսքով:
Ի դեպ, Սևանի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզը ևս հիմնանորոգվել է ՀՏԶՀ-ի կողմից:
Քաղաքին մշակութային կյանքում էլ շուտով կարձանագրվի դրական փոփոխություն, որը հիմնավորապես կփոխի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում իրականացվող աշխատանքների որակը և այդ շենքում գործող կազմակերպությունների աշխատանքային պայմանները:

Մշակույթի պալատի շենքի ոչ բարվոք վիճակն արժանացավ կառավարության ուշադրությանը, և այն ներառվեց հիմնանորոգման ծրագրերում: ՀՀ պետական բյուջեից 295մլն. դրամ է հատկացվել ծրագրի իրականացման համար: 2016թ. մեկնարկել է աշխատանքների առաջին փուլը, որի համար հատկացվել է 41 մլն. դրամ, այս տարի շարունակվում է ծրագիրը, և երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին, որի համար տրամադրվել է 49 մլն. դրամ:
Հիմնանորոգման աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել են շենքի` գրադարանների կենտրոնացված համակարգի և արվեստի դպրոցի տեղակայման տարածքները. փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման համակարգ, վերանորոգվել է հատակը, կատարվել է ներքին հարդարման աշխատանքներ, տեղադրվել են ներքին դռներ, այժմ աշխատանքները տեղափոխվել են շենքի կենտրոնական տարածք:
Շենքում հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող «ԳՈՑ» ՍՊԸ-ի ինժեներ-տնտեսագետ Լևոն Գրիգորյանի փոխանցմամբ` մշակույթի պալատում հիմնանորոգման աշխատանքների երրորդ փուլը կմեկնարկի 2018թ. գարնանը:
Քաղաքի մեկ այլ հատվածում էլ` Սևանի պոլիկլինիկայի շենքի հարևանությամբ կառուցվում է Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենք: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում :

Հիվանդանոցային նոր մասնաշենքում տեղակայվելու են կենտրոնի բոլոր հիվանդանոցային ծառայությունները:
Կենտրոնն ունենալու է դիագնոստիկ բաժանմունք, լաբորատորիա, մանկաբարձական ընդունարան, մանկաբուժական- թերապևտիկ, մանկաբարձական, վիրաբուժական բաժիններ, վերակենդանացման բաժանմունք, վիրահատարանային բլոկ, հիվանդասենյակներ / 40 մահճակալ /, դեղատուն, լվացքատուն և կենտրոնի համար անհրաժեշտ այլ սենյակներ:
Մասնաշենքի հարակից տարածքում կառուցվելու են նաև համապատասխան ենթակառուցվածքներ:
Բժշկական կենտրոնը սպասարկելու է Սևան համայնքի, տարածաշրջանի և հարակից համայնքների բնակչությանը: Զինված լինելով ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հնարավորություններով`նպաստելու է տեղում և առավել մատչելի ձևով որակյալ բուժօգնության իրականացմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանը:
Սևան համայնքի համար հույժ կարևոր խնդիր է բազմաբնակարան շենքերի տանիքների առկա վիճակը: Համայնքում կա 213 բազմաբնակարան շենք, որոնցից ամենաերիտասարդը շուտով կբոլորի չորրորդ տասնամյակը:
Իհարկե, տեղական իշխանությունները, իրենց հնարավորությունների սահմաններում, անում են հնարավորը` բնակչին չթողնելով իր խնդիրներին դեմ առ դեմ:
Արդեն իրականացվել են Նաիրյան 153, Նալբանդյան 26 շենքերի տանիքների մասնակի հիմնանորոգման աշխատանքներ: Առաջիկա ընթացիկ աշխատանքներում ընդգրկված են Նաիրյան 139, 170, Գրիբոյեդով 10, Սայաթ-Նովա 5, 25 շենքերի տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները:

Տանիքաշինության հերթական ծրագրում ներառված են Ս. Սևանեցի 7, 15, 21 շենքերը:
Ծրագիրը մեկնարկել է Ս. Սևանեցի 7 շենքից: Քանդման աշխատանքներին հաջորդել են տանիքի ծածկույթի` ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից պատրաստման, օդափոխության բլոկների վրա պաշտպանիչ գլխադիրների տեղադրման, ձեռնահարկի լուսամուտների ծածկման, ջրհորդանի և ձեռնահարկի պատրաստման, մետաղական ճաղաշարի և փայտե կոնստրուկցիաների ներկման, երկաթբետոնե գոտու վնասված հատվածների վերակառուցման և նմանատիպ այլ աշխատանքներ:
Աշխատանքների ավարտից հետո Սևանի երեք բազմաբնակարան շենքեր ևս կունենան ամուր և հուսալի տանիքներ:
Համայնքում իրականացվող այս ծրագրերը համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուշադրության կենտրոնում և ամենօրյա հսկողության ներքո են:
Ավելին` համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել են նոր առաջարկներ և ծրագրեր, որոնք շուտով կլրացնեն իրականացվող աշխատանքների ցանկը` դառնալով համայնքի զարգացման հիմնարար նախադրյալներ:
Արմինե Ղուկասյան
Սեւան


















































