Լրահոս
Օրվա լրահոսը

Օձունի հոգեւոր հովիվ. «Իրենց աթեիստական մտածելակերպով՝ սա եկեղեցի չէ, ես սրանից եմ նեղված։ Իրենք ասում են՝ սա հուշարձան է». «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2017 10:51

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահների ամբողջականացման խնդրով օրեր առաջ մշակույթի նախարարությունում, փոխնախարար Արեւ Սամուելյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել գիտամեթոդական խորհրդի նիստ, որին ներկա է եղել նաեւ Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ Նրա բնորոշմամբ՝ դա բեմականացված նիստ էր, որտեղ քննարկվել է Օձունի եկեղեցու սրահների ամբողջականացման հարցը, թե ինչպես անել, որ տանիքից ջուրը չթափվի որմնակամարի վրա:

Տեր Վրթանեսը ցույց է տվել նաեւ 1900–ականների լուսանկար, որտեղ երեւում է, որ սրահի թաղակապը գոյություն ունի։ Խորհրդի անդամներից մի քանիսն էլ առաջարկել են, որ գոնե հարավային կամ արեւմտյան հատվածը փակվի, հաջորդ տարի, հասարակության արձագանքը ստուգելուց հետո, մյուս հատվածը կանեն։ «Այսինքն՝ մենք դրան էլ ենք համաձայն, եթե ոչ ամբողջական, ապա գոնե՝ հատվածաբար, այս տարի հարավային սրահը փակվի, իսկ այդ սրահների ամբողջացումը մի մեծ գումարային խնդիր էլ չէ»։ Թե որն է պատճառը, որ նախարարությունը եւ գիտխորհուրդը չեն ցանկացել ընթացք տալ եկեղեցու սրահների ամբողջացման հարցին, ապա. «Իրենց աթեիստական մտածելակերպով՝ սա եկեղեցի չէ, ես սրանից եմ նեղված։ Իրենք ասում են՝ սա հուշարձան է, բայց ես ուզում եմ, որ ծածկ լինի, եւ մենք պրակտիկ օգտագործենք արտաքին սրահը։ Ասում են՝ մի քար էլ լինի, հերիք է, հեն է՝ կամարը կա, թող մարդիկ գան՝ պատի տակ նկարվեն։ Ասում եմ՝ լսեք, նկարվելու հարցը չէ, ես ուզում եմ, որ գլուխը ծածկվի, որպեսզի ծիսաարարողակարգեր անեմ, պատերին նկար ամրացնեմ, մեջը մոմակալ դնեմ, հոգեւոր-մշակութային միջոցառում անցկացնեմ, եկեղեցին իր ամբողջական տեսքով լինի»։

Հուշարձան է, թե եկեղեցի, կարեւորն այն է, որ լավ պահպանվի ու փոխանցվի սերունդներին՝ Տեր Վրթանեսը սրա կողմնակիցն է. «Օձունը մեր անկյունաքարային կառույցն է, որտեղ օրական 200-300 հոգի օտարազգի այցելու ունենք, օտարները գան՝ քանդված սրահնե՞րը տեսնեն։ Իրենք ընդամենը գիտական եւ մեթոդական խորհուրդներ պետք է տան մեզ եւ ոչ թե չինովնիկներ են, որ պետք է ասեն՝ այո կամ ոչ։ Դո՞ւք պետք է դեմ լինեք, հարգելիներս, դա համայնքը պետք է ուզենա՝ վերականգնվի, թե ոչ։ Հայ հասարակության 90 տոկոսն ուզում է, որ վերականգնվի, եւ այդ հարցն ինչ-որ մի քչամասնություն կազմող նախկին ճարտարապետներ չպետք է որոշեն՝ պայմանավորված իրենց անձնական եւ ֆինանսական հետաքրքրություններով»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Մարգարյան says:

    Տեր Վրթանես քահանայի պես նվիրյալ և բանիմաց հոգևորական, որը վայելում է համայնքի խորին հարգսանքն ու սերը, ներկա օրերում շատ դժվար է գտնել: Նրա կատարած աշխատանքը` Օձունի եկեղեցին վերականգնելու, եկեղեցական արարողակարգերը հունի մեջ դնելու և մարդկանց մեջ առ Աստված սեր արթնացնելու գործում մեծ գնահատանքի են արժանի: Եվ կարելի էր ենթադրել, որ այսպիսի եռանդուն և սկզբունքային հոգևոր գործիչը իր բռնած դժվարին գործում վաղ թե ուշ պետք է հանդիպեր չինովնիկական, բյուրոկրատական խոչընդոտների: Ընդ որում նրան խանգարողները էական հիմնավորումներ չեն էլ կարողանում ներկայացնել:
    Մշակութաբանության պաշտոնյաները թող հիշեն, թե ինչ անմխիթար վիճակում էր Օձունի եկեղեցին, երբ այն գտնվում էր Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության վարչության ենթակայության տակ և ինչ բարեկարգ վիճակում է հիմա, երբ 20 տարուց ավելի է, ինչ դուրս է եկել Մշակույթի նախարարության ենթակայությունից և գտնվում է Տեր Վրթանեսի նման նվիրյալ անհատի հոգատար ձեռքերում: Ուստի մշակութաբաններին խնդրում ենք, որ եթե այլևս չեն ուզում աջակցել Օձունի եկեղեցու վերականգնմանը, գոնե թող չխանգարեն գործ անողին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930