Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: Գյումրիում մահացած նորածնի գործով պատշաճ քննություն չի իրականացվում

Հոկտեմբեր 03,2017 20:40

ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի՝ ավելի քան մեկ տարի ձգվող նախաքննության ընթացքում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Տուժող կողմի միջնորդություններով որոշ դատավարական գործողություններ, ՀՀ Գլխավոր դատախազության հավաստմամբ, արդեն կատարվել են: Իրականացվել է նաև երկրորդ դատագենետիկական փորձաքննությունը, որը հաստատել է, որ Լ. Դ.-ն ու Հ. Պ.-ը մահացած նորածնի ծնողներն են:

Հիշեցնենք՝ դատագենետիկական առաջին փորձաքննության ժամանակ, փորձագետների պնդմամբ, Հ. Պ.-ի արյան նմուշից ԴՆԹ անջատել հնարավոր չէր եղել, և փորձագետը չէր կարողացել հստակ պատասխանել նրա հայրության վերաբերյալ հարցին:

Սակայն այլ կարևոր հանգամանքներ այդպես էլ քննության առարկա չեն դարձել:

Այսպես՝ 2017 թ. մարտի 28-ին ստացվել է նախաքննական մարմնի կողմից նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, որով Գյումրիի ծննդատան բժշկական անձնակազմի աշխատանքում մի շարք թերություններ են արձանագրվել:

Փորձագետները թերություններ են արձանագրել ոչ միայն նորածնին տրամադրված բուժօգնության մեջ, այլև նորածնի վարման քարտում, որը, նրանց գնահատմամբ, լրացվել է «անփույթ և անհասկանալի»:

Երեխայի տեղափոխումը ավելի բարձր կարգի հիվանդանոց, փորձագետների կարծիքով, պետք է կատարվեր անմիջապես ծնվելուց հետո, և այդ պարագայում հնարավոր կլիներ երկարացնել երեխայի կյանքը:

Չնայած սրան՝ իրենց աշխատանքում թերացած բուժաշխատողների գործողություններին վարույթն իրականացնող մարմինը իրավական գնահատական այդպես էլ չի տվել, ավելին՝ տուժողի ներկայացուցիչ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի դիմումին ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ա. Հարությունյանը բացառել էր բուժանձնակազմի գործողությունների և երեխայի մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը և վկայակոչել փորձագետների այն կարծիքը, թե այդ թերությունները բացառելու դեպքում երեխայի կյանքը հնարավոր կլիներ երկարաձգել կարճատև ժամանակով:

Մինչ օրս քննության առարկա չի դարձել նաև ծննդատան հոսանքազրկման վերաբերյալ Լ. Դ.-ի հայտնած տեղեկությունը, քրեական գործում առկա չեն  երեխայի և մոր մոտ՝ փորձաքննությամբ պարզված առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված բուժումների մասին հավաստող փաստաթղթերը:

Մանրամասներն՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031