Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը

Հոկտեմբեր 10,2017 19:55

ԵԽԽՎ լիագումար նիստը այսօր քննարկել է կանոնադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա կանխարգելել լոբբիստների եւ կոռուպմացված պատգամավորների գործունեությունը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ է արել ԵԽԽՎ-ից վտարել Ադրբեջանի բոլոր եվրոպացի լոբբիստներին` նշելով, որ նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը։ Զոհրաբյանն  առաջարկել է նաեւ բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ եւ որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղարկել եւ նշանակել նոր զեկուցողներ։

Հարգարժան խորհրդարան,

Մեր գործընկեր Լիդլ-Գրեյնջերի զեկույցը ես համարում եմ վերջին տարիների ամենահրատապներից մեկը։ Ես ցավում եմ, որ մենք ստիպված ենք ժողովրդավարության այս ամբիոնում քննարկել կոռուպցիայի, կոռումպացված լոբբիստների եւ բարոյականության ու էթիկայի հետ լրջագույն խնդիրներ ունեցողների ձեռքը օրենքով բռնելու հարցը, սակայն սա է իրականությունն ու համաեվրոպական վերջին կոռուպցիոն սկանդալը՝ 3 միլիարդ դոլարի սեւ լվացքի, դրա  ուղղակի ապացույցն է։ Այո, հարգարժան զեկուցող, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ մեր Վեհաժողովի ներկա եւ նախկին անդամների հետ կապված կոռուպցիոն հայտարարությունները կասկածի տակ են դնում Վեհաժողովի հեղինակությունը։ Ավելին, այս կամ այն երկրի դոլարային թմրադեղին նստած բազմաթիվ գործիչների թեթեւ ձեռքով մեր Վեհաժողովում ընդունվում կամ տապալվում են զեկույցներ՝ կախված նավթադոլարային պատվիրատուի  քաղաքական ճաշակից։ Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը:

Այո, մենք պետք է մեր Վեհաժողովում խստագույնս կանոնակարգենք նաեւ, այսպես կոչված, «ազատ ստեղծագործողի» կարգավիճակ ունեցող լոբբիստների աշխատանքը, ովքեր որոշակի  կարգավիճակ ստանալով մեր Վեհաժողովում, լծվում են Եվրոպայի Խորհրդի փտախտ հանդիսացող  վարչակարգերի լոբբինգին, աշխատելով ընդդեմ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների։ Նմանօրինակ  վարձկան-լեգիոներներ, ԵԽԽՎ նախկին պատգամավորներ, այսօր հայտնի սկանդալային լվացքի եւ խավիարային դիվանագիտության ակտիվ դերակատարներից են, եւ նրանց մուտքը Վեհաժողով  պետք է արգելվի։

Հարգելի գործընկերներ, կանոնադրական այն փոփոխությունները, որ առաջարկում է զեկուցողը՝ կոռուպցիոներների եւ լոբբիստների դոլարային թթվածինը փակելու համար, իհարկե, ընդունելի են։ Այն, ինչ առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարի «ԳՐԵԿՈ» խումբը եւս, միանշանակ պետք է ընդունել։ Չնայած  ես չեմ  հավատում սեփական խիղճը վաճառքի հանածի բարոյական վերափոխմանը, ինչպես դժվար եմ հավատում, որ նավթային կռապաշտը կարող է երբեւէ պաշտպանել արդարությունը, սակայն առաջարկվող բոլոր մեխանիզմները՝ բռնելու կոռուպցիայի թմրադեղի վրա նստածի ձեռքը, պետք է ընդունել։

Ես առաջարկում եմ նաեւ բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ եւ որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղարկել եւ նշանակել նոր զեկուցողներ։

Հարգելի գործընկերներ, անկախ դատավորներից կազմված հետաքննող մարմինը, որն իր հաշվետվությունը Վեհաժողովին կներկայացնի այս տարվա ավարտին, լուրջ աշխատանք ունի անելու։ Հարցի արժեքը շատ բարձր է. մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը վերածվի շուկայի, որտեղ ամեն ինչ հնարավոր է գնել ու վաճառել։

Շնորհակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031