Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երկու ժամից ասեն՝ Եվրատեսիլ է, Միշան պետք է երգի, նա պատրաստ է բեմ բարձրանալ»․ պրոդյուսեր

Նոյեմբեր 15,2017 19:22

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 9-ամյա Միշան (Միքայել Գրիգորյանը)։ Առաջիկա ելույթի, քվեարկության կարգի փոփոխությունների և շատ այլ հարցերի մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հայաստանը ներկայացնող Միշան և նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։

«Այս տարի մեծ գործ ունենք անելու․ պետք է լավագույնս ներկայացնենք մեր երկիրը, և ավելի ոգևորված ենք, որովհետև կանոնների փոփոխություն է տեղի ունեցել մրցույթում և այսուհետ բոլորս կարող ենք քվեարկել մեր երկրի օգտին։ Բոլորս ասելով ի նկատի ունեմ և հայաստանցիներին և աշխարհասփյուռ հայությանը»,-հանդիպման սկզբում նշեց Գոհար Գասպարյանը, ով այս տարի չի մեկնելու հյուրընկալող երկիր՝ Վրաստան, այլ մրցույթը մեկնաբանելու է այստեղից։

Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից և կավարտվի նոյեմբերի 26-ին՝մրցույթի օրը՝անմիջապես շոուից առաջ։ Այն կվերաբացվի մրցույթի ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո միայն։

Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, ով 2010 թվականին աշխատել է Հայաստանին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանի հետ առանձնացրեց մի հետաքրքիր զուգադիպություն, որն էր՝ եթե Միշան այս տարի հաղթի, մյուս տարի Եվրատեսիլը կրկին Մինսկում կանցկացվի։ Հյուրընկալող երկրի վերաբերյալ Գոհար Գասպարյանը մեկնաբանեց, որ մրցույթի փոփոխություններից մեկն էլ հենց դրան է վերաբերում․ «Այս տարի կազմակերպիչների որոշմամբ նախապես հայտարարվեց հյուրընկալող երկրի մրցույթ, և այդպիսով ընտրվեց հաջորդ տարի Եվրատեսիլի անցկացման վայրը, որ երեխաների և հեռարձակողների ուսերին մեծ պատասխանատվություն չլինի։ Եվ այդպես Բելառուսը հաղթեց այդ մրցույթում և լինելու է հաջորդ տարվա հյուրընկալող երկիրը»։

Լիրա Քոչարյանը նշեց, որ այս տարի Հանրայինի թիմին միացել է նաև «Արցախի ձայն» պրոդյուսերական կենտրոնի թիմը։ «Մենք տրամադրված ենք հաղթանակի։ Հայաստանը արդեն վերջին մի քանի տարիներին հաղթանակի դուռը ծեծում է լավ ելույթներով։ Գուցե այս տարի դուռը բացողը լինի Միշան»։ Նա ավելացրեց, որ փոքրիկ երգիչն արել է այն ամենը, ինչ իրենից հասնում է․ «Եթե երկու ժամից ասեն՝ Եվրատեսիլ է, Միշան պետք է երգի, նա պատրաստ է բեմ բարձրանալու»։

Պրոդյուսերը նաև խոսեց այս տարվա երգի ընտրության մասին՝ մասնավորեցնելով, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի պարային և շատ ակտիվ երգ չեն ընտրել․ «Միգուցե Հայաստանից չէին սպասում այսպիսի երգ, քանի որ ավելի շատ մանկական , ակտիվ երգեր են հնչել մեր կողմից։ Բայց մենք ընտրեցինք նման երգ և կարծում եմ՝ չենք սխալվել։ Երգը կարող է սկզբից զարմացնի, բայց մի քանի անգամ լսելուց հետո ավելի շատ ես ուզում լսել»։

Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ով հանդիսանում է նաև 2010 թվականի մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հեղինակը, իսկ խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը։ Թեև այս տարի այն կանոնը, որով մասնակիցը պարտավորվում էր մասնակցություն ունենալ երգի ստեղծման աշխատանքների հետ հանվել է, բայց ներկայացուցիչների խոսքերով՝ Միշան երգի աշխատանքների մեջ իր դերակատարումն է ունեցել։ «Երգի ամեն բառ քննարկելուց շատ կարևորվում էր Միշայի կարծիքը և հենց շատ բան իրենից է գալիս։ Ես միշտ ասում էի, որ 9 տարեկան երեխան պիտի խոսի 9 տարեկանի լեզվով։ Մենք փորձելու ենք այնպես անել, որ որքան հնարավոր է լավ երևան Միշայի կարողությունները»,-նշեց պրոդյուսերը։

Փոքրիկ երգչի խոսքերով՝ նա երգը շատ է հավանել, և ամեն անգամ պարապելիս համոզվում է, որ այն լավ է ստացվում։ Նա նաև նշեց, որ հավանել է Ավստրալիայի երգը և մի փոքրիկ հատված կատարեց ասուլիսի ժամանակ։ Իսկ որպես մրցակից Միշան առանձնացրեց Վրաստանին, Բելառուսին և Իտալիային։ «Ես ուզում եմ բարություն տարածել, և ամեն մեկը բարություն տարածի։ Ուզում եմ, որ բարությունով Հայաստանը հաղթի»,- նշեց նա ։

Այն հարցին, թե ում է ուզում տեսնել իր կողքին՝ Վրաստանում, Հայաստանյան մասնակիցը նշեց պրոդյուսեր Լիրա Քոչարյանին և ցույց տալով վզից կախված խաչը՝ ասաց․ ․«Իմ խաչը և Աստված միշտ ինձ հետ են »։

Միշան առանձնացրեց երկու թիվ՝ 12 և 7, որոնց տակ կցանկանար հանդես գալ։ «Երբ «Նոր ալիք» մրցույթին էի մասնակցում, 12 համարի տակ հանդես եկա, և կարծում եմ նաև, որ Աստծո 12 օգնականներն ինձ հետ կլինեն»,-նշեց նա ։

Պրոդյուսեր Լիրա Քոչարյանը չցանկացավ մանրամասներ հաղորդել ելույթի բեմականացման հետ կապված, միայն նշեց, որ Միշան բեմում մենակ է լինելու․«Անգամ բեք վոկալ չի լինելու։ Նա ամեն ինչ կկրի իր վրա։ Համարում հեքիաթային մթնոլորտ է լինելու, ինչը համապատասխանում է Միշայի տարիքին»։

Իսկ Միշայի Ղարաբաղից լինելու հետ կապված՝ Հայաստանի պատվիրակը և պրոդյուսերը մեկնաբանեցին, որ մշակույթի մեջ չպիտի խտրականություններ դրվեն և բնավ կապ չունի, թե երեխան որտեղից է։ « Ես հավատում եմ, որ Միշայի ուղարկած մեսիջը հետ կգա մեծ ուժով»,-նշեց պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։ Իսկ Գոհար Գասպարյանը ասաց, որ վստահ լինեն՝ ինչի համար գնում են, անելու են միանշանակ։

Լրագրողի այն հարցրին, թե 9-ամյա երգիչը հաղթելուց հետո ինչ ցանկություն ունի, Միշան պատասխանեց․ «Ես ուզում եմ, որ Ղարաբաղում միշտ խաղաղություն լինի, ուրիշ ոչինչ պետք չի»։

Ասուլիսի ժամանակ Միշան կատարեց ինչպես իր երգից այնպես էլ մրցույթին մասնակցող այլ երկրների երգերից հատվածներ նույնպես։ Իսկ հանդիպման վերջում Լիրա Քոչարյանը ասաց․ «Ոչ մի բան չենք անելու, ինչը կլինի կեղծ և անբնական 9 տարեկան տղայի համար։ Անգամ ընտրված հագուստը լինելու է հասարակ, բայց տեղին»։

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Այն կանցկացվի 15-րդ անգամ՝այս անգամ կրելով «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930