Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունն է՝ ինչը շահույթ չի բերում, անիմաստ է»

Դեկտեմբեր 29,2017 20:17

«Տիկնիկային թատրոնը 2017 թվականին արտերկրում՝ Սախալինից մինչեւ՝ Կանադա, մասնակցել է միջազգային 12 փառատոնի, ընդ որում տարբեր ներկայացումներով: Այս տարի բեմադրվել է չորս նոր ներկայացում, տարվա ընթացքում խաղացվել է մոտ 400 ներկայացում, որին ներկա է եղել շուրջ 60 հազար հանդիսական: Անցկացրել է մշակութային բազմաթիվ միջոցառումներ՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ:

Այս տարին շատ հագեցած էր Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում հյուրախաղերով: Ես սրա համար շատ լավ եմ զգում, որովհետեւ միշտ ասում եմ, որ Տիկնիկայինը միայն Երեւանինը չէ: Շատ հաճելի է, որ այն ներկայացումները, որ տարել ենք հեղինակավոր միջազգային փառատոներ, նույն ներկայացումները խաղացել ենք նաեւ Հայաստանում եւ Արցախում: Շուշիի դրամատիկ թատրոնը բացել ենք «Իմ ընտանիքը իմ ճամպրուկի մեջ է» հրաշալի ներկայացումով, որի հեղինակը Նարինե Գրիգորյանն է: Այդ ներկայացումը մասնակցել է Վիլնյուսի եւ Գերմանիայի Կիլ քաղաքի միջազգային փառատոներին, ընդ որում Վիլնյուսում ստացել է առաջին մրցանակ: Հուսով եմ, որ 2018 թվականն ավելի բեղմնավոր կլինի», – այսօր լրատվամիջոցների հետ տարեվերջյան հանդիպմանն ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Բայց թվերն այդքան իրական չեն: Կարեւորն այն է՝ թատրոնը պահանջվա՞ծ է, թե՝ ոչ, հետաքրքի՞ր է, թե՝ չէ, փորձո՞ւմ է բարձրացնել որոշակի գեղագիտական հարցեր, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ, թե՝ ոչ: Ես չէ, որ պետք է գնահատական տամ: Բայց ուզում եմ մի բան նշել. թատրոնում շատ ակտիվ են աշխատում երիտասարդները: Իմ կարծիքով սա շատ կարեւոր է: Իմ խնդիրը ես տեսնում եմ առաջին հերթին երիտասարդներին չխանգարելու մեջ: Եթե չես կարող օգնել, գոնե պետք է չխանգարես», – ասաց արվեստագետը:

Արվեստագետն անդրադարձավ նաեւ թատրոնի առջեւ ծառացած խնդիրներին: Պատասխանելով պետբյուջեից ֆինանսավորում կրճատվելու մասին հարցին՝ Ռուբեն Բաբայանն ասաց. «Այդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր կրճատել են: Ամենաբարձր ատյաններից հայտարարում են, որ տնտեսական առաջընթաց կա եւ միաժամանակ կրճատում ըստ իս երեք ամենակարեւոր ոլորտները՝ կրթություն, առողջապահություն եւ մշակույթ: Ինձ այդքան էլ հասկանալի չէ, թե այդ առաջընթացը որն է: Ինձ պատասխանել են, թե բոլորինն էլ կրճատում ենք յոթ տոկոսով, ինչը թատրոնի պարագայում կազմում է մոտ 8,5 մլն դրամ: Թատրոնի համար դրանք ի՞նչ թվեր են: Մեկ ներկայացում բեմադրելը արժե մոտ 2 մլն դրամ: Ես չեմ ուզում ընդհանրացնել, բայց եթե գումարները քիչ են պետք է հայտարարել, որ քիչ են: Համահավասարեցումն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս տարբեր ենք: Մի անգամ ասել եմ եւ հիմա ուզում եմ կրկնել:

Ծառը ոչնչացնելու մի քանի ձեւ կա. ծառը կարելի է կտրել, այրել, թունավորել եւ ծառը կարելի է պակաս ջրել ու նա կչորանա: Արդյունքը նույնն է: Իրականում ծառը ոչնչացնողը կասի՝ ես չեմ ոչնչացրել, պարզապես պակասեցրել եմ ջուրը: Բարի եղեք՝ ճարեք ձեր ջուրը կամ սպասեք մինչեւ եղանակը տա իր պտուղները: Ես սրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում, տեսնում եմ ուրիշ, ինձ համար շատ ցավալի բան: Գուցե սխալվո՞ւմ եմ: Բայց կարծում եմ, որ ընդհանուր քաղաքականությունը հետեւյալ գաղափարախոսության մեջ է. այն, ինչը չի բերում շահույթ, անիմաստ է: Ես դա չեմ ընդունում: Այն բնագավառները, որոնց անունները տվեցի, շահույթը ժամանակի մեջ է զգացվում: Երկիրը դառնում է վայրենի, իսկ մենք չենք կարող չարձանագրել, որ ագրեսիվությունը, ատելությունը մեր հասարակության մեջ գնալով ավելի ու ավելի լայն թափ է ստանում: Առանձնակի դեպքեր ենք նշում, բայց բոլոր դեպքերում մենք զգում ենք դա:

Բացատրել միայն սոցիալական վիճակով, կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ: Կարծել, որ վաղը սոցիալական վիճակը կլավանա եւ այդ ագրեսիվությունը դուրս կգա, այդպես չէ: Ատելությունը, ագրեսիվությունը դուրս է գալիս ոչ միայն սոցիալական վիճակը լավացնելով, այլ համապատասխան քաղաքակիրթ դաշտ տեղափոխվելով:

Մշակույթի օջախի մասին դատել ֆինանսականով ճիշտ չէ: Բայց եթե դա եք չափանիշ ընտրում եւ դա վերագրում ենք մեզ, մենք վերագրում ենք ավելի բարձր՝ դուք էլ քիչ փող եք աշխատում ու բերում: Ուրեմն դուք էլ լավ չեք աշխատում ամենավերեւից, պետության  մակարդակով: Եթե պահանջը մեզ փողն է, ես էլ այդ հարցը վերագրում եմ ձեզ՝ բա ձե՞ր փողն ուր է: Թատերական ոլորտն աշխարհիս երեսին ոչ մի երկրում ֆինանսավորմամբ չի զբաղվում:

Պարզապես, պետք է հետաքրքրվել եւ իմանալ: Ֆինանսավորվում է դասական երաժշտությունը, գրադարանները… սրանք կարեւոր ոլորտներ են: ԱՄՆ գրադարանների 70 տոկոսը գիտե՞ք ով է ֆինանսավորում. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Ուրեմն սա կարեւորում են: Կիրթ հասարակություն ունենալը մեծ արժեք է: Կարող ես քո առջեւ բազմաթիվ խնդիրներ դնել, բայց ոչ մի բանի չես հասնի, եթե քո հասարակությունը կիրթ չէ, զարգացած չէ, եթե նա իր առջեւ  համապատասխան խնդիրներ եւ նպատակներ չի դնում»:

Ատելությունը կուրացնում է, իսկ հանդուրժողականությունը եւ սերը մեծ ճանապարհներ են բացում: Լավ գործերն առանց ժպիտի հնարավոր չէ անել: Դրա համար էլ Ռուբեն Բաբայանը մաղթեց Նոր տարին դիմավորել ժպիտով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թատերագետ Տիգրան says:

    Գործ չունեք պարոն Բաբայան, սրանք էնպիսի դեղնանյութով կջրեն, որ ծառի չորանալուց բացի հողն էլ կամլանա…
    Չգիտեք, որ միայն իրենց յուրայինների համար գումար կա: Մշակութային լրագրություն իրականացնողի վրա խմբակային հարձակում հեղինակածին հինգ հաստիք տալու համար գումար կա: Բայց նախարարկան մակարդակով չեն գիտակցում՝ թատրոնի մասնագիտական կայքի ստեղծումը պարզապես անհրաժեշտություն է: Հազիվ այդ ԲՀԿ-ից ՀՀԿ ցատկոտած կրիմինալ գոյակցության հետ են գյալաջի անում…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031