Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելի, անգամ սիրելի ՊՆ, դարըՙ 21-րդն է, երբ սեփական կորուստը, ձախողումը, թերացումը թաքցնելը հետամնացություն է. «Ազգ»

Հունվար 12,2018 12:16

Պարզվում է, որ երբ սահմանին վիրավորներ ենք ունենում, ինչը, ցավոք սրտի, սովորական բան է դարձել մեզ համար, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում, ապա նպատակահարմար չէ նրանց վիրավորվելու լուրը հաղորդելը: Ըստ ՊՆ մամուլի խոսնակ, հարգելի պարոն Հովհաննիսյանիՙ այդկերպ մենք հակառակորդին հստակ փաստ ենք ներկայացնում իր աշխատանքի արդյունավետության մասին : Պատկերացրեցի՞ք: Այսինքն հակառակորդը կրակում է մեզ վրա, վիրավորում է մեր տղաներին, բայց մենք այդ մասին չպետք է տեղեկացնենք, քանի որ հակառակորդը կկարդա, որ մենք վիրավորներ ունենք ու կուրախանա, որ իր աշխատանքն արդյունավետ է ավարտվել: Դե այսինքն մեր հակառակորդը խորը միջնադարում է մնացել, երբ թշնամի բանակները միմյանց կորուստների մասին իմանում էին բացառապես թշնամու ճամբարի տեղեկատվությունից, ինքը հիմաՙ 21-րդ դարում չունի բավարար միջոցներ իր աղբյուրներով ճշտելու իր իսկ աշխատանքի արդյունավետությունը ու ամեն անգամ կրակելուց հետո անհամբեր սպասում է հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությանը՝ հայ վիրավորների մասին, որ հրճվի:

Անկեղծ ասածՙ ես մինչեւ հիմա գիտեի, թե մեր հակառակորդը հրճվում է ոչ թե այն ժամանակ, երբ մեր զինվորները վիրավորվում են, առավել եւս, երբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այլ այն ժամանակ, երբ զոհվում են: Մինչդեռ, ինչպես ՊՆ հարգարժան խոսնակն է ասումՙ զոհերի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնում է, այդ լուրերը թաքցնելու իմաստը չկա, իսկ այ վիրավորների մասին նպատակահարմար չէ, քանի որ հակառակորդը…

Լավ, ենթադրենք չենք հայտնում, այ հենց հունվարի 7-ի դեպքը: Հայտնում ենք միայն, որ զոհ ունենք, չենք հայտնում այն մասին, որ նրան փրկելու համար անձնվիրաբար մարտի են նետվել հրամանատար սպան ու ծառայակիցը, հետեւաբար չենք հայտնում, որ վերջիններս վիրավորվել են, ինչի հետեւանքով հասարակությունը չի իմանում, որ մեր օրերում, մեր բանակում անձնազոհություն դեռ կա, բայց այդ մարդկանց հարազատները պետք է չէ՞ զինհոսպիտալ գնանՙ նրանց տեսության: ՊՆ-ն առաջարկում է, որ հարազատները գաղտնի՞ գնան զինհոսպիտալ, գուցե գիշերնե՞րը միայն գնան, սեւ մգացված մեքենաներով, որ հանկարծ չտեսնեն, թե ովքեր են: Գուցե այդ վիրավորների հիվանդասենյակներն է՞լ քողարկեն այնպես, որ վիրավորները չերեւան, կամ գոնե նրանց ստացած վերքերը չերեւան… Հարգելի, անգամ սիրելի ՊՆ, դարըՙ 21-րդն է, երբ սեփական կորուստը, ձախողումը, թերացումը թաքցնելը հետամնացություն է: Ու հիմա, երբ մենք սկսել ենք բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր, մի տեսակ ճիշտ չէ հետամնաց մնալը, բանն այն է, որ հնարավոր չէ արդիականանալՙ մնալով հետամնաց, այստեղ եւ-եւ-ը հաստատ չի գործում, այստեղ հաստատ կամ-կամն է:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031