Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով նիստը չէր կայանալու, բայց տուժող կողմը տեղյակ չէր

Փետրվար 02,2018 20:20

2018 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մելքոնյանի, Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննության շրջանակում նշանակված էր դատական նիստ։

Նշանակված ժամին գործով տուժող Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գտնվելու վայր, սակայն տեղում պարզել էր, որ նախագահող դատավոր Մ․ Մելքոնյանն արդեն իսկ տեղափոխվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր։

Տ․ Սիրադեղյանը հնարավորություն չի ունեցել խոսելու Մ․ Մելքոնյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, քանզի Ավանի նստավայրից տեղեկացրել են, որ նրանք դեռս չեն ավարտել տեղափոխման գործընթացը։ Իհարկե ընդունում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ստեղծմամբ և դատավորների տեղափոխմամբ պայմանավորված կարող էին առաջանալ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ ողջամիտ ժամկետում քրեական գործի  քննության իրավունքի ապահովմանն, այն դեպքում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից այս գործով դատավճիռը լրացուցիչ մասով նոր քննության ուղարկվելուց հետո գործը դատավոր Մ․ Մելքոնյանի վարույթ է ընդունվել 2016 թ․ հոկտեմբերի 25-ին և մինչ օրս քննվում է։

Ամեն դեպքում կարծում ենք, որ նախագահող դատավոր Մ․ Մելքոնյանը և վերջինիս աշխատակազմն առնվազն պետք է դատավարության մասնակիցներին տեղեկացնեին դատական նիստի չկայանալու մասին, հատկապես որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը նախապես ճշտել էր, որ նիստը կայանալու է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728