Վաղը ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է «Ելքի» նախագիծը՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց այդ նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Եթե քաղաքացին ունի 5000 դրամ, մենք ավելացնում ենք 7000 դրամ, բայց ինքը պետք է կատարի 25 հազարի գնում, ստացվում է, որ մենք քաղաքացուն չենք օգնում»: Փաշինյանը պատասխանեց՝ քաղաքացին ունի 5000 դրամ, ինքը կանգնել է եւս 10 հազար դրամ հավելյալ ծախսելու առաջ, որը պայմանավորված է գնաճով, հիմա մենք ասում ենք՝ քանի որ դու 10 հազար ավելի պիտի ծախսես, 5000 դրամը քեզ վերադարձնում ենք»:

Նա ասաց, որ կառավարությունը գնացել է այն ճանապարհով, որ առողջապահությունը չհարկեն ԱԱՀ-ով, հանրակրթությունը չհարկեն, սա չարիքի ամենափոքր տարբերակն էր. «Մենք սպառումը պետք է հարկենք: Դրա մի մասն է միայն գնում ՀՆԱ»:
Սերգեյ Բագրատյանն ասաց՝ «Սխալ ուղղությամբ եք գնում, սպառողին երբ հարկում ենք, ազգաբնակչության 70 տոկոսի խնդիր կա, դուք դնում եք էն 30 տոկոսին անվնաս պահելու խնդիրը: Մարդը, որը պիտի գնի 6 կիլո կարագ, գնելու է 4 կիլո ու թերսնում է ունենալու: Պետության զարգացումը 70 տոկոս աղքատ բնակչության հաշվին պիտի չանեք: Երկու ճանապարհ ունեք՝ կամ գները չեք բարձրացնում, կամ գների հետ միասին աշխատավարձերը, թոշակները բարձրացնում եք, երրորդ ճանապարհը չունեք, ո՞րն եք ընտրում»:
Անանյանը պատասխանեց, որ իրենք այլ ճանապարհով են գնում եւ իրենց քաղաքականությունը ճիշտ է: Որպես հիմնավորում նա նշեց, որ հիմա երբ մարդը փող է ունենում, ոչ թե արտադրություն, այլ խանութ է բացում, ինչը նշանակում է, որ այնտեղ շարժը արագ է կատարվում, պետք է հարկել սպառումը, այսինքն ներկայիս իրավիճակի տրամագծորեն հակառակ ուղղությամբ գնալ:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց. «Աղքատ հասարակության պայմաններում, երբ չկան դասական խաղի կանոններ, տարօրինակ չե՞ք համարում այս տիպի հարկային տնտեսական քաղաքականությունը»: Անանյանը պատասխանեց, որ տարօրինակ չի համարում: Նա նշեց, որ այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, տրամաբանական կլիներ, եթե ինքը ցույց տար տեղը այդ հարկը վերցնելու. «Առաջարկում է եկամտահարկն իջեցնել, եթե ասեր՝ եկեք էսթետիկական վիրահատությունը հարկենք, ինչի չենք հարկում, կարելի էր մտածել»:
Մելքումյանն ասաց՝ «Մարդկանց դրել եք տուպիկի առաջ՝ 2015-ից աշխատավարձ, թոշակ չեք ավելացում, հարկերն էլ բարձրացնում եք: 615 հազար աշխատող ունենք՝ առանց գյուղատնտեսության, շուկայի վճարունակությունը ցածր է, մարդը իր դժգոհությունը հայտնում է ճամպրուկը վերցնել, գնալով: Հարկանին օրենսգրքի մեջ պետք է սոցիալական եւ տնտեսական զարգացման մոդելների տրամաբանություն լինի: Մարդկանց խեղդելով՝ ուզում եք հարկել, չի կարելի սպառումը հարկել: Առանց էդ էլ քիչ սպառում ունեցողների բեռը ավելացում եք»:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ շարունակաբար չենք կարող պարտք անել ու աշխատավարձ, թոշակ տալ, Հարկային օրենսգրքի հիմքում դրված է տնտեսական աճը, որը բերելու է եկամուտների բարձրացման, պետք է տնտեսվարողին հնարավորություն տալ, որ վարձու աշխատողի մոտ եկամուտ գեներացնեն: Այս ճանապարհը ճիշտ է:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ բյուջետային միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դրա համար էլ գնում են բյուջետային պլանավորմանը. «Միգուցե մենք ուշացումով ենք սկսել, բայց այս ճանապարհն այլընտրանք չունի»:
Նա հիշեցրեց, որ «2000-ականներին կրթության ոլորտում օպտիմալացում եղավ, հաշվետվություն ներկայացվեց, որ այսքան գույք, այսքան ուսուցիչ օպտիմալացվեց, որեւէ խոսք չկար՝ 10-րդ դասարանցու կրթական որակը բարձրացա՞վ, թե՞ չէ: Հիմա պետք է գլխավոր նպատակի մասին մտածել»: Խոսրով Հարությունյանն ասաց, որ առանց այն էլ 2018-ի բյուջեն շատ ռիսկային է, եւ հիմա նոր ռիսկ ավելացնել այդ բյուջեում վտանգավոր կարող է լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































