Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը փորձագետերի հետ վարժություն է արել ու պարզել, թե իրականում որքան են թանկացել պարենային ապրանքները

Փետրվար 15,2018 17:25

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին:

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գնաճին: Նա ասաց, որ, օրինակ, սերուցքային կարագը թանկացել է 31 տոկոսով, տեսակարար կշիռը 1.082 է: Կարագին հակակշռող խառը կանաչու տեսակարար կշիռը 0.192 է: Նա ասաց, որ իրենց խմբակցության փորձագետների հետ մի վարժություն են արել. «Վերցրել ենք կառավարության նշած բոլոր ապրանքները, վերածել ենք պայմանական միավորի եւ 40 անուն ապրանքը վիրտուալ պայմանական գնում ենք իրականացրել նախկին ու ներկա գներով: Գների թանկացումներից առաջ այս 40 ապրանքը գնելու համար  պետք էր 26810 դրամ, թանկացումից հետո՝ 32 հազար 700 դրամ: 21,9 տոկոս աճ կա: Սա այն գնաճն է, որ ՀՀ քաղաքացին ամեն օր խանութում զգում է՝ իր գնումները կատարելիս: Ռենջ Ռովերի որեւէ պահեստամաս չեմ կարող բացառել, որ 90 տոկոսանոց էժանացում լինի, եթե այս էժանացումը դնենք այս վարժության մեջ, կպարզվի, որ գնաճը 2,6 տոկոս է: Մեր բնակչության 90 տոկոսը գնում է կարագ, խառը կանաչի, չի գնում Ռենջ Ռովերի պահեստամասեր»:

Նա բերել էր գծապատկերներ, որտեղ Լոնդոնի բորսայում շաքարի գների մեծածախ գինն է, եւ ՀՀ շուկայում մանրածախգինը: Այդ գծապատկերից երեւում էր, թե ինչ հսկայական էժանացում է եղել շաքարի համաշխարհային շուկայում եւ ինչ չնչին էժանացում է գրանցվել ՀՀ շուկայում:

Փաշինյանն ասաց, որ Մոսկվայում բենզինը թանկացել է 7,7 տոկոսով, Երեւանում՝ 32,3 տոկոսով, սրա մեջ ինչ-որ չափը ակցիզային հարկն է, բայց ընդհանուր առմամբ մանիպուլյացիաներ են այդ շուկայում կատարվում: Նույնը վերաբերում է նաեւ դիզվառելիքին: Մոսկվայում թանկացել է 7,9 տոկոսով, Երեւանում՝ 39,4 տոկոսով. «ՀՀ-ում 2017-ին օդային տրանսպորտը 33,6 տոկոսով թանկացել է, ըստ ԱՎԾ-ի: Մինչդեռ կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ մեր մոտ այնպիսի էժանացում է, որ Վրաստանին կանցնենք»:

Նա ասաց, թե ինչ են առաջարկում իրենք. «Ասում ենք, որ գնաճը ահավոր մեծ բեռ է դրել ՀՀ քաղաքացու ուսերին: Փորձագիտական գնահատականով 35-40 մլրդ դրամ մենք թողնենք քաղաքացիների գրպանում, չվերցնենք գրպանից: Մենք հասկանում ենք, թե ինչ է ակցիզային հարկը, դա վճարում է սպառողը, ոչ թե տնտեսվարողը: Մենք ասում ենք՝ թողեք այդ գումարը քաղաքացու գրպանում: Հարց է առաջանում՝ բա ի՞նչ անենք բյուջեի ճեղքը: Սրան կա պատասխան՝ բա քաղաքացին ի՞նչ անի իր ընտանեկան բյուջեի ճեղքը, որ 26 տարի է՝ անընդհատ ճեղքված է»:

Նա ասաց, որ ստվերը ՀՀ-ում գնահատվում է մինչեւ 34-42 տոկոս, իսկ պաշտոնապես  22 տոկոս է գնահատվում. «Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ոչ թե նվազում է, այլ աճում է, 2016-ին՝ 21,7 տոկոս է, սա նշանակում է, որ տնտեսությունը, որը ասում ենք 7,7 տոկոսով աճել է, ավելի է մտնում ստվեր: Այնպես որ, այդ գումարը ստվերից լիովին կարող է փոխհատուցվի»:

Փաշինյանն ասաց, որ եկամտահարկի մասով «Ծառուկյան» դաշինքի հետ եկել են համաձայնության, փաստաթղթի վրա աշխատել են, նոր սանդղակ են կազմել եւ առաջարկում են մի տարբերակ, որը մինչեւ 450 հազար դրամ ստացող քաղաքացու վրա մեծ ազդեցություն կունենա. «Արդեն 3 տարի է՝ ՀՀ քաղաքացիների թոշակները, աշխատավարձերը, նպաստները չեն ավելացել, եւ հիմա ՀՀ քաղաքացին մոտ 30 տոկոսանոց գնաճային ճնշման ներքո է: Չնկատել սա եւ միջոցներ հրատապ չձեռնարկել՝ նշանակում է ՀՀ-ում աղքատության ծավալի աճին ուղղակի կանաչ լույս տալ»:

Փաշինյանը դժգոհեց, որ մեր շուկան հենց գնաճի ազդակ է ստանում, 6 անգամ գները բարձրացնում է, իսկ երբ գնանկում է լինում, ՀՀ շուկայի վրա դա չի անդրադառնում: Նա խոսեց նաեւ մենաշնորհների մասին՝ հեգնելով, որ իշխանություններն ասում են մենաշնորհ չկա. «Ինչպես ասում են` ՀՀ-ում սեքս չկա, ընտրակաշառքների բուրգի մեջ այդ մենաշնորհները ինչպիսի դերակատարում ունեն, դուք գիտեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728