Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնահատվել են Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության եւ դրա հնարավոր էս­կալացիայի իրողությունները». մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ արդիականացման ծրագրից

Մարտ 26,2018 14:28

ՀՀ զինված ուժերի 2018-24թթ. արդիականացման ծրագրում (որն օրերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը) նախանշված են այդ փաստաթղթի նպատակներն ու խնդիրները: Նախեւառաջ, ծրագրի նպատակն է՝ սահմանել այն հիմնական ուղենիշերն ու ռեսուրսները, որոնք հիմք են հանդիսանալու ԶՈՒ կառուցվածքային ու բովանդակային վերափոխման, կառավարման համակարգերի զարգաց­ման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորացման, գիտատեխնիկական ներուժի արդյունավետ կիրառման և այդ ամենով հանդերձ՝ ամուր ու հուսալի պաշտպանունակության ապահովման համար:

Արդիականացման ծրագիրը նպատակ ունի հասնելու ժամանակակից ռազմարվեստի ու անվտանգային միջավայրի պահանջները բավարարող մի մակարդակի, որտեղ ՀՀ զինված ուժերը պետք է համապատասխանեն ռազմական անվտանգության ապահովման և պատե­րազմի վարման փոփոխվող պահանջներին, ի զորու լինեն կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները, իսկ դրանց իրականացման համար ունենան բա­վարար մարտունակություն, ներառյալ՝ ուժեր և միջոցներ:

Ըստ փաստաթղթի՝ ՀՀ զինված ուժերը պետք է նաեւ իրենց խնդիրների կատարմանը հասնեն ռեսուրսների առավել արդյունավետ պլանավորմամբ և նպատակային իրացմամբ՝ հնարավորինս մեծ ռազմական արդյունավետությամբ ապահովելով ՀՀ պաշտպանունակությունը, բնակչության անվտանգությունը, սահմաննե­րի անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը՝ երաշխավորելով Արցախի Հանրապետության անվտանգությունը:

Արդիականացման ծրագրի՝ զինված ուժերի զարգացման ու կարողությունների ավելացման առաջնահերթ նպատակային խնդիրներից է ԼՂ հիմնա­հարցի համատեքստում Ադրբեջանի հետ զինված դիմակայությանը և դրա՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերաճելու հավանական սցենարներին հակազդումը: Որպես անմիջական ռազմական սպառնալիք՝ համակողմանիորեն գնահատվել են Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական դիմակայության, դրա հնարավոր էս­կալացիայի, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, սոցիալ-տնտեսական, ժո­ղովրդագրական, տեղեկատվական, կոմունիկացիոն և մյուս հիմնական հարթություն­ներում ձևավորվող իրողություններն ու հնարավորությունները, առաջադրվել են հուսալի պաշտպանության ժամանակակից և արդյունավետ լուծումներ:

Արդիականացման ծրագիրը ենթակա է ճշգրտումների և փոփոխությունների՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքական իրադրության, անվտանգության միջավայրի և սպառ­նալիքների բնույթի փոփոխության: Այն ենթադրում է մի շարք ոլորտային ծրագրերի և ռազմավարությունների մշակում, գիտահետազոտական աշխատանքների և պիլոտային ծրագրերի իրականացում:

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031