Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Բաղդասարյանին նախկինում «ատամներով պաշտպանող» 5 կուսակցությունները համաձայն են ինձ հետ». Արմենուհի Ղազարյան

Մարտ 26,2018 18:30

Դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ այսօր «Արմենուհի Ղազարյանն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի» քաղաքացիական գործով առաջին դատական նիստն էր, որը, սակայն, հետաձգվեց՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցչի բացակայության պատճառով:

«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը դատական ատյանի միջոցով է պահանջում անվավեր ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը եւ վերջինիս կանոնադրությունը, քանի որ, ըստ նրա, ՀՎԿ հիմնադիր կուսակցությունները, այդ թվում՝ իրենը, ընդգրկված չեն հիմնադիրների շարքում:

Aravot.am-ի հետ զրույցում Արմենուհի Ղազարյանը նշեց՝ դեռեւս 2016 փետրվարին կայացավ «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումարը, որի ժամանակ միավորմանն անդամակցելու ցանկություն էին հայտնել մոտ մեկ տասնյակ կուսակցություններ: Արմենուհի Ղազարյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ հետագայում կառույցը Պետռեգիստրում գրանցվել է ոչ թե որպես միավորում, այլ  կուսակցություն:

«Պետռեգիստրին հարցում արեցի ու պարզեցի, որ այդ տասնյակ կուսակցությունների մի մասն է միայն միավորվել: Իմ կուսակցության անունը չկար: «Օրինաց Երկիր»-ը եւս  չէր միավորվել ՀՎԿ-ին, բայց բոլորին խաբում էին, թե այդ կուսակցությունը եւս միացել է ՀՎԿ-ին: Բացի այդ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, առանց լուծարելու ՕԵԿ-ը եւ միաժամանակ լինելով վերջինիս նախագահ, նաեւ՝ «Հայաստանի ագրարային կուսակցության» անդամ, ընտրվել է որպես ՀՎԿ նախագահ: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ նա լինի գործող կուսակցության նախագահ եւ ընտրվի մեկ այլ կուսակցության նախագահ»,-պատմեց մեր զրուցակիցը:

Ապա` Արմենուհի Ղազարյանը տեղեկացրեց. «Փետրվարին Արթուր Բաղդասարյանին նախկինում «ատամներով պաշտպանող» հինգ կուսակցությունները՝ «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Լիբերալ ժողովրդավարական», «Ազգային արժեքների պաշտպանություն», այսօր համաձայն են իմ հայցի հետ եւ ուզում են առանձնանալ ու վերականգնել իրենց կուսակցությունների կարգավիճակը»:

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արմենուհի Ղազարյանի մեղադրանքներին բազմիցս անդրադարձել են եւ կրկին մեկնաբանելու անհրաժեշտություն չեն տեսնում: Առաքելյանը միայն ասաց, որ 2018թ. համագումարում որոշվել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը միավորել «Օրինաց երկիր» կուսակցությանը, իսկ այն կուսակցությունները, որոնք ցանկանում են դուրս գալ ՀՎԿ-ի կազմից, կարող են սկսել գործընթացը, եթե օրենքը սահմանում է համապատասխան ընթացակարգերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031