Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Սարգսյանի գործ. «Այս դեպքում գողությունը դատապարտելի լինել չի կարող»

Ապրիլ 03,2018 17:57

«Ինձ կանչել են ոստիկանություն, ներկայացել եմ, առանց տուժողի ցուցմունք տալու՝ ինձ ստիպելով և սպառնալով, խաբելով, ասել են՝ գրի ցուցմունքդ, տուժողը գրել է: Գրելուց հետո իմացել եմ, որ տուժողը ոչ մի ցուցմունք չի ներկայացրել: Հետո իրեն բերել են և ասել, որ Հասմիկն արդեն գրել է: Ինձ և տուժողին խաբել են՝ ասելով, որ կարճում են գործը»,-ասում է ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանը:

Ասում է, որ չի աշխատում, նպաստը կտրել են: Մի քանի անգամ դիմել է սոցապ նախարարություն, քաղաքապետարան՝ օգնություն ստանալու նպատակով, սկզբում նրան խոստացել, ապա մերժել են ՝ քրեական գործի հարուցված լինելու պատճառով: Ինքն ու իր երեխաներն առողջական խնդիրներ ունեն, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել բուժումները շարունակել: Միակ նպատակը եղել է աշխատանք ունենալը և երեխաներին օրվա հացով ապահովելը:

«Մի՞թե մեր երկրում սա ամենամեծ խնդիրն էր, այն դեպքում, որ այսօր ես տուժողի հետ զրուցել եմ, իրենք ընկերուհիներ են եղել, միասին քաղհան են արել, ասում է ՝ որ ես ներել եմ նրան, գումարը վերադարձրել է, որովհետև տեսնում եմ ՝ ինչ վիճակում են ապրում: Անկախ մեր մասնագիտությունից, մենք ի վերջո սկզբից մարդ ենք ծնվում, մայր ենք ծնվում, և մայրը չի կարող տեսնել, որ իր երեխան սոված է: Այո’, գողը պետք է նստի, բայց սկզբից եկեք մեծ գողերից սկսենք, այդ ժամանակ կալանավայրերում տեղ չի լինի մանր գողությունների համար,»-նշում է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված միակ դեպքը չէ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 3 ամիս ժամկետով։ Կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման՝ գտնվելով փորձաշրջանի ընթացքում՝ Հասմիկ Սարգսյանը կատարել է ևս մեկ ծանր հանցագործություն, որի համար դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանի կողմից կրկին կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և սահմանվել է փորձաշրջան 5 տարի ժամկետով։ Նշված փորձաշրջանի ընթացքում Հ. Սարգսյանը կրկին կատարել է դիտավորյալ ծանր հանցագործություն, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը և արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով։

«Այո’, վերջինն էլ չի լինելու այնքան ժամանակ, մինչև պետությունը իր համար զինվոր ծնած մորը աշխատանքով չի ապահովելու: ՉԷ՞, որ 10000 դրամը այսօր այն գումարն է, որ նույնիսկ չի կարող ապահովել նվազագույն սպառողական զամբյուղը, երբ որ այս մարդը ունի 4 երեխա, որից մեկը զինծառայող է, մնացածն էլ հիվանդ են»-ավելացնում է Մ.Պողոսյանը:

Ըստ նրա՝ մի օրը կալանավայրում կազմում է 6318 դրամ, իսկ տարվա կտրվածքով 2 մլն 306 հազար դրամ: Մ. Պողոսյանը կարծում է, որ սա խտրական վերաբերմունք է արդարադատության կողմից :

«Միայն այս երեք ամսվա մեջ մենք կարդում ենք, որ պետական կառույցները 35 մլն դրամից ավել հուշանվերներ և ծաղիկներ են առել: Ինձ հարցրե՞լ են՝ որպես հարկատու, որ մտել են իմ գրպանից գումարներ են տարել: Հիմա իրենք չպետք է դատապարտվեն, իսկ 10000 դրամի համար պիտի դատապարտվե՞ն, որ իրա երեխան սոված ա»,-ավելացնում է Մ.Պողոսյանը:

Հ. Սարգսյանը դեռևս նախաքննության ընթացքում պատճառված վնասը տուժողին վերադարձրել էր:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ևս համաձայն չէ վճռի հետ: Նա մեջբերում է բոլոր քաղաքակիրթ պետությունների՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա և ուրիշների դատական պրակտիկայի օրինակը, երբ նման գողությունը արդարացվում է, եթե պարզվում է, որ մարդը իր երեխաների հացը ապահովելու համար է նման քայլի դիմում:

«Մարդը գտնվում է աննկարագրելի վատ սոցիալական պայմանների մեջ, այսինքն՝ նրա երեխաները սովամահության եզրին են հայտնվել, ու աշխատանք գտնել չի հաջողվում, ի՞նչ պետք է անի մարդը: Այս դեպքում գողությունը դատապարտելի լինել չի կարող»,-հավելում է Մ. Շուշանյանը:

Ըստ նրա՝ քաղաքակիրթ հասարակություններում նույնիսկ ամենավատ մարդիկ սոված չպիտի լինեն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 8-ին Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն) այն բանի համար, որ «նա, ունենալով ընկերուհու՝ Սիսիան քաղաքի բնակիչ Մարիետա Աշոտի Հովհաննիսյանի բնակարանից գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորություն, 2017 թվականի հուլիսի 4-֊ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, օգտվելով նրա բացակայությունից, հրելու միջոցով մուտքի դռան փականը վնասելու եղանակով ապօրինի մուտք է գործել Չարենցի փողոցի 8-րդ շենքի 7֊րդ բնակարան և ննջասենյակի պահարանի վրա դրված պայուսակում գտնվող դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով։

Ապրիլի 12-ին դատական նիստ է նշանակված Վերաքննիչ դատարանում:
Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30