Մարտի 30-ին Արմավիրի մարզում ուժեղ կարկուտ էր տեղացել, ինչի հետեւանքով հիմնականում տուժել էին ծաղկած ծիրանենիները:
Մարզի տարբեր գյուղերի բնակիչներ մտահոգություն էին հայտնել, որ բերքի մի մասը կարկուտը փչացել է:
Այսօր սակայն գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը Aravot.am-ի հարցին, թե արդեն հստակ հաշվարկներ կա՞ն, որքան բերք է տուժել, քանի՞ գյուղացու այգի է կարկտահարվել, պատասխանեց, որ ծիրանի բերքը գրեթե չի տուժել: Փոխնախարարը նաեւ ասաց, որ, եթե ցրտահարություն կամ նոր կարկուտ չլինի, ապա այս տարի ծիրանի աննախադեպ բերք կունենանք:
«Այգիներում, ուսումնասիրության արդյունքում, այգետերերն էլ համոզվեցին, որ ծառերին վնաս չկար պատճառված, որովհետեւ հիմնականում ծաղկումը ավարտված էր, պտղագոյացումն արդեն կար: Եվ քամուց պետք է այդ ծաղկաթերթերը թափվեին, կարկուտը դրանք թափել էր եւ նոր գոյացող պտղին ոչ մի վնաս չէր եղել»:
Հարցին, թե ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացրել է, ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, Արարատի, Արմավիրի եւ այլ մարզերում սպասվում է -2-ից -3 աստիճան, այսինքն՝ ցրտահարության վտանգ կա, արդյոք Ջրային տնտեսության պետական կոմիտեն կարող է բավարար քանակությամբ ջուր ապահովել, որպեսզի գյուղացիները այգիները ոռոգեն ցրտահարության դեմ, պարոն Հարությունյանը պատասխանեց.«Մենք գյուղացիներին զգուշացրել ենք, նախազգուշացրել ենք, հորդորել ենք, խորհուրդներ ենք տվել, նույնիսկ փորձելու ենք գիշերն էլ օպերատիվ ապահովել, լինենք տեղերում ու այդ մարդկանց հետ աշխատենք: Ուղղակի Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման, ջրաթողության այսօրվա հնարավորությունները պետք է համընկնի մնացածի ջուր վերցնելու հնարավորության հետ: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք, միաժամանակ այդքան ջուր բոլոր տարածքներին, տեխնիկապես հնարավոր չէ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































