ՀՀ զինված ուժերի 2018-24թթ. արդիականացման ծրագրում (որը վերջերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը) որպես արդիականացման նպատակներ նշված են նաեւ ռազմական կրթությանն առնչվող որոշակի դրույթներ: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռազմական կրթության, ուսուցման, վերապատրաստման համակարգի վերափոխում: Պետք է ձևավորվեն բարձրագույն, հետբուհական միջազգայնորեն մրցունակ ազգային ռազմակրթական կարողություններ, ինչը ենթադրում է դասախոսական ու մեթոդական կազմերի վերապատրաստում, ուսումնանյութական բազայի ընդլայնում:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հիմքի վրա կստեղծվի արդիական ենթակաոուցվածքներով և ուսումնական ծրագրերով համալրված մեկ միասնական ռազմական համալսարան, իսկ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կկազմակերպվի միջգերատեսչական ձևաչափով կրթություն: Իսկ հանրակրթության ոլորտում պլանավորվում է վերանայել նախնական զինվորական պատրաստության առարկայի մեթոդաբանությունն ու ծրագրերը՝ ավագ դպրոցների աշակերտներին որակյալ զինվորական գիտելիքներ ուսուցանելու և զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով:
Զուգահեռաբար նախատեսվում է ներդնել ռազմական կրթության և անձնակազմի առաջխաղացման փոխկապակցված, էլեկտրոնային և թափանցիկ համակարգ, որը կընդգրկի գործող բանակն ու ակտիվ պահեստազորը: Ներդրվող համակարգը նպատակ է հետապնդում օպտիմալացնել մարդկային ռեսուրսների կառավարումը:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ


















































